Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Փաստաթղթից պարզ երեւում է, որ մաքսակետ պետք է դրվի. «168 ժամ»

Սեպտեմբեր 30,2014 12:02

ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին տրամադրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի բովանդակությունից երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետը պետք է պարտադիր լինի։ Այս մասին ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

«Իշխանության ներկայացուցիչները հերքում են, որ մաքսակետ չի լինի, բայց որևէ հիմնավորում չեն տալիս, թե ինչու չպետք է լինի։ Այն հիմնավորումները, որ ներկայացվեցին Աստանայում մայիսի 29-ի հանդիպման ժամանակ, շատ հստակ էին, և այդ պահանջից կամ առաջարկությունից ելնելով՝ որևէ բացատրություն չտրվեց և չի տրվել մինչ հիմա։ Այժմ այս փաստաթղթից պարզ երևում է, որ եթե ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններով է ընդունվում ՄՄ, դա նշանակում է, որ մաքսակետ պետք է դրվի»,- ասաց Վ. Խաչատրյանը։

Հարցին՝ իշխանությունը կգնա՞ նրան, որ նման պայմաններով ստորագրի այդ փաստաթուղթը, նա պատասխանեց, որ նույնիսկ մտածում է, որ իշխանությունը չի որոշում այդ հարցը. «Այսօր հարցը որոշում են ուրիշ մարդիկ, ոչ ՀՀ-ում։ Հայաստանի հարցերը ՀՀ-ում չեն որոշում, ցավոք սրտի, և հիմա ինչքանով որ լուծողների համար այդ խնդիրը շատ լուրջ խոչընդոտ կլինի, դրանից ելնելով էլ հարցը կամ կլուծվի, կամ չի լուծվի»։
Տնտեսագետը համաձայնեց, որ եթե որոշումը կայացվի, ապա ՀՀ ղեկավարությունը դրան չի կարող ընդդիմանալ. «Իհարկե, մեզ հետո կրկին թյուրիմացության մեջ կգցեն, իրականությունը չեն ներկայացնի, և շատ ուշ կպարզվի, որ սահման կա։ Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, հետո արդեն տնտեսական գործունեություն ծավալվի, ու խնդիրներ առաջանան, նոր մենք կիմանանք, որ այդպիսի խնդիր կա, որովհետև, ցավոք, մեր իշխանությունը որևէ անգամ մեզ նախօրոք չի ներկայացնում իրական վիճակը»։
Վ. Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այդ փաստաթղթի մնացած կետերի վրա՝ մաքսադրույքաչափերի հետ կապված ժամանակացույցի փոփոխությունների։ Ըստ նրա՝ նոր կանոնները բավականաչափ արագ են ուժի մեջ մտնում, և այն խոսակցությունները, որ կառավարությունը բանակցել է և զգայուն ապրանքատեսակների հետ կապված ինչ-որ արտոնություններ է ստացել, և այլն, այդ ամեն ինչը, Խաչատրյանի գնահատականով՝ PR ակցիաներ են, որ իրականությանը չեն համապատասխանում։ Նա նշեց, որ, այսպես թե այնպես, ՀՀ-ն հայտնվելու է մի տնտեսական գոտում, որտեղ մաքսադրույքներն ավելի բարձր են, քան ՀՀ-ում գործողը։ Վ. Խաչատրյանը շեշտեց, որ հիմա դրա մասին պետք է բարձրաձայն ասել և մարդկանց զգուշացնել, որովհետև հատկապես բիզնես շրջանակները ծրագրեր են կազմում և պետք է իմանան իրենց անելիքները։ Սակայն, նրա խոսքով, հիմա իշխանությունն այդ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, ասում է՝ հանգիստ եղեք, ոչ մի վատ բան չկա, հակառակը՝ լավ է լինելու, բայց ոչ մի լավ քան իրականում չկա։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930