Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմության հրատապ հարցը

Սեպտեմբեր 30,2014 15:42

Առաջարկվում է շրջանառության հարկը կիրառել ընտրովի սկզբունքով

Երեկ ԲՀԿ-ն խորհրդարանում ստորագրահավաք էր նախաձեռնել` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը հրատապ կարգով քառօրյայի քննարկման հարց դարձնելու համար: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», առաջարկում են, որպեսզի օրենքը հոկտեմբերի 1-ից չկիրառվի, այլ մինչեւ 2016 թվականի հունվարի մեկը գործի ընտրանքային սկզբունքը: Այսինքն` այն տնտեսվարողները, ովքեր ցանկանում են 3.5 տոկոս հարկ վճարել եւ առանց փաստաթղթի աշխատել` աշխատեն այդպես, իսկ նրանք, ովքեր ցանկանում են աշխատել փաստաթղթերով` կվճարեն մեկ տոկոս շրջանառության հարկ: Նաեւ` 58 միլիոն շրջանառության շեմը բարձրացվի 150 միլիոն դրամի, որպեսզի այն սուբյեկտները, ովքեր կաշխատեն փաստաթղթավորումով, մնան շրջանառության հարկի ռեժիմում, քանզի հաճախ կարող են գերազանցել այդ շեմը: Նման փորձ արդեն կա. ժամանակին ովքեր ցանկանում՝ պարզեցված հարկով էին աշխատում, ովքեր չէին ցանկանում` այլ տարբերակով:

Հնարավոր է, որ քառյակի նախաձեռնությանը նաեւ ՕԵԿ-ը միանա:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը միանգամայն տրամաբանված է համարում այդ առաջարկը՝ այն առումով, որ մարդուն ընտրության հնարավորություն է տրվում: «Այդ ընթացքում կերեւա` մարդիկ, որ փաստաթղթով են աշխատում, կբարգավաճե՞ն, ի՞նչ կլինի»,- ասաց նա` վստահ, որ անպայմանորեն կգտնվեն տնտեսվարողներ, ովքեր միանշանակ կգերադասեն ցածր հարկային բեռը:

Դիտարկմանը` երբ խորհրդարանում նախագիծը քննարկվում էր, ինչո՞ւ ԲՀԿ-ականները կողմ քվեարկեցին, մի՞թե այս իրավիճակը կանխատեսելի չէր, մեր զրուցակիցն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ էր հարկային բեռի նվազեցմանը, այդ պատճառով չէր կարող «դեմ» քվեարկել նախագծին, բայց երբ կառավարությունը բերեց փաստաթղթավորման պահանջը, արդեն երկրորդ ընթերցման ռեժիմում ԲՀԿ-ն «կողմ» չքվեարկեց, քանզի ակնհայտ էր, որ ընդվզում է սպասվելու, որովհետեւ փոքր գործարարներն ի վիճակի չեն հաշվապահություն վարել:

Բացի այդ, դա հնարավորություն է հարկային ծառայության աշխատակիցներին օրը մի քանի անգամ ստուգումներ իրականացնելու միեւնույն հիմնարկում: Եվ երրորդ. «Երբ կառավարությունն ասում է, որ այդ տարբերակով ցանկանում է խոշորին հարկային դաշտ բերել` ժամանակակից աշխարհում այնքան գործիքներ կան, որ պետք չէ մանրի պայմանը վատացնելով՝ գնալ խոշորին: Միանգամից պետք է խոշորին ստուգել: Ներկրվող ապրանքները միանգամից սահմանի վրա հայտարարագրում են, տեղական արտադրողների պարագայում էլ՝ ճանապարհին առանց փաստաթղթի ապրանք բռնելը, ՀԴՄ կտրոնների մեջ տեսականի սահմանելը, որը նոյեմբերից կգործի եւ այլն»:

Կառավարության խորամանկ քայլը` շուկան չկորցնելու համար խոշոր տնտեսվարողին ստիպել դուրս գալ ստվերից, այս պահին ԲՀԿ-ական պատգամավորն այդքան էլ արդարացված չի համարում: Դիտարկմանը, որ ռադիկալ քայլերը ռադիկալ լուծումներ են պահանջում, նա ասաց, որ առավել հարթ կանցնի ամեն ինչ, եթե օրենքը կիրառվի անցումային փուլով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930