Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց դրական մարդ

Սեպտեմբեր 30,2014 12:00

Զգում եմ, որ անպայման պետք է գրեմ այդ մասին: Զգում եմ… Եվ չեմ կարողանում ստիպել ինձ՝  ուղղակի սեղմել ստեղները, որպեսզի բառերը հայտնվեն էկրանին… Մահացել է Կարեն Դանիելյանը:

Նա չափազանց դրական, ծայրահեղ բարեհամբույր եւ շատ բարի մարդ էր: Մենք մոտ ընկերներ չէինք՝ այն իմաստով, որ շփվում էինք շատ ավելի հազվադեպ, քան պետք է շփվեինք: Բայց մենք մոտ էինք ոգով, շատ հարցերում նույն արժեհամակարգն էինք կրում, իսկ երբ ինչ-որ հարցում միակարծիք չէինք, ապա միշտ հարգանքով էինք վերաբերում մեկմեկու կարծիքի:

Նստած եմ հիմա համակարգչի առջեւ՝ հասկանալով, որ պետք է գրեմ եւս մի պարբերություն այն մասին, որ ես կորցրել եմ ոգով ինձ մոտ մարդու: Ծանր 90-ականներին պատահում էր, որ ես գնում էի նրա մոտ, երբ ինձ պետք էր լինում որեւէ տեղ զանգահարել. իմ հեռախոսն անջատված էր, իսկ Կարենի բախտը բերել էր, նրա տան համարը սկսվում էր 52-ով՝ կառավարական չինովնիկների եւ խորհրդարանի անդամների աշխատասենյակների հեռախոսահամարների նման: Լոնդոնում նա ապրում էր ինձ մոտ: Կարենը մի հեռուստահաղորդման հեղինակներից մեկն էր, որը ես վարում էի 90-ականների առաջին կեսին: Այն կոչվում էր «Հույս», եւ գաղափարը նրանում էր, որ ստուդիա էին հրավիրվում երիտասարդներ՝ դպրոցականներ եւ ուսանողներ, որոնք խոսում էին շատ կարեւոր եւ լուրջ բաների մասին, քննարկում էին այդ ժամանակ երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Նա լավ լրագրող էր, նրա գրական ճաշակը հրաշալի էր, նրա խոսքը միշտ պարզ էր, հստակ եւ չափված: Կարենը զգում էր խոսքը: Նրա տեքստերում ամեն բառ իր տեղում էր: Եվ դա ինքնին օրինաչափ էր` չէ՞ որ նա Հայաստանի ամենանշանավոր մանկավարժներից մեկի՝ հռչակավոր Էդգար Սուրենովիչ Դանիելյանի որդին էր:

Իսկ բացի դրանից՝ նա այն նավաստիներից մեկն էր, որոնք «Կիլիկիա» նավով շրջել են ողջ Եվրոպայով: «Կիլիկիան» մոտավորապես 12-13-րդ դարերի Միջերկրական ծովի հայկական առեւտրային նավերից մեկի վերականգնված պատճենն է: Նավը եկել էր նաեւ Լոնդոն, եւ ես հնարավորություն ունեցա շփվելու անձնակազմի հետ եւ ամենակարեւորը՝ զրուցելու Կարենի հետ, որին չէի տեսել մի քանի տարի:

Ինձ թվում է, որ «Կիլիկիան» դարձավ նրա կյանքի վերջին տասնամյակի գլխավոր սերը: Չնայած նա սիրում էր այն՝ նաեւ շրջագայությունից առաջ, երբ ամեն շաբաթ-կիրակի զբաղվում էր նավի շինարարությամբ: Սիրում էր այն ժամանակ, երբ «Կիլիկիան» արշավում էր Սեւ, Միջերկրական, Հյուսիսային, Բալթիկ ծովերով, ինչպես նաեւ Ատլանտիկ օվկիանոսով: Սիրում էր, երբ «Կիլիկիան» վերադարձել էր Սեւան եւ դարձել էր լճի տեսարժան վայրերից մեկը: Եվ մահացավ Կարենը նույնպես այդ նավի վրա: Հավանաբար, դրա մեջ խորհուրդ կա…

Վերջերս Կարենն ինձ տվել էր կարդալու իր երկու գրական ստեղծագործությունները: Դրանցից մեկն անավարտ էր: Ես բազմիցս ուզում էի նրան զանգել, պատմել դրանց ընթերցումից ստացած տպավորությունների մասին, զրուցել, ասել, թե որքան են ինձ այդ գործերը դուր եկել: Բայց, չգիտես ինչու, անընդհատ հետաձգվում էր զանգս…

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարեն Դանիելյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18.00-ին, Մամիկոնյանց 30 հասցեում (մուտքը Շիրվանզադեի փողոցի կողմից):

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930