Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նախաձեռնողականության եւ հստակ ռազմավարության պակաս ունի:
Այսօր` սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բողոքարկել էր բյուրոյի որոշումը` զեկույց պատրաստել «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» վերնագրով: Նա առաջարկել էր հարցն ուղարկել մոնիտորինգի կոմիտե, որտեղ էլ առաջարկը մերժվել էր 41 կողմ, 72 դեմ ձայներով:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ: Նա մտահոգիչ է համարում զեկույցի անվանումը, քանի որ այնտեղ, կարծես թե, Լեռնային Ղարաբաղը դրվում է Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
Նա համարում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շատ հեշտ է լոբբինգ իրականացնել, իսկ այդ հարցում Ադրբեջանը չափազանց ակտիվ է եղել եւ շարունակում է ակտիվ մնալ.«Բայց այնպես չէ, որ Ադրբեջանի դիրքերը շատ լավն են, եւ Ադրբեջանին թույլ կտան անցկացնել մի այնպիսի բանաձեւ, ինչպիսին ինքը կցանկանար` հաշվի առնելով այդ երկրում մարդու իրավունքների սարսափելի վիճակը: Հետեւաբար` այս կտրվածքով, թերեւս պետք է խուսափել, որ զեկույցում հակամարտության կարգավորմանը վերաբերող մանրմասներ լինեն, ասենք` տարածքային ամբողջականության եւ այլնի տեսքով: Մնացած առումներով զեկույցը, վստահաբար, Ադրբեջանի օգտին չի լինելու»:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը` պարոն Սաֆարյանն ասաց, որ այն վաղուց հակազդող է. «Ցավոք, նախաձեռնողականության եւ հստակ ռազմավարության պակաս կա: Հայկական պատվիրակությունը, կողքից տեսանելի է, որ չունի մի գիծ, որին հետամուտ լինի հետեւողականորեն եւ աստիճանաբար հաջողություններ գրանցի: Ցավոք, Ադրբեջանի պարագայում այդ գիծը նկատելի է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ