Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը ներկայացնող գրքույկները չեն տպագրվում ֆինանսների բացակայության պատճառով

Սեպտեմբեր 29,2014 22:56

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հաշված ամիսներ են մնացել, սակայն մինչև օրս նշանակալի որևէ քայլ չի արվել Ցեղասպանությունը որպես իրողություն ընդունելու ուղղությամբ»,- պնդում է «Ծիրանենի» ցեղասպանության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լուիզա Հովհաննիսյանը: «Ասուլիսներից, գիտաժողովներից, շաբլոն ձևակերպումներից բացի, ոչ մի կոնկրետ քայլ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Լ. Հովհաննիսյանը մտահոգված է, որ, մի կողմից, Ցեղասպանությունը՝ որպես իրողություն, հարցականի տակ է դրված մեծ տերությունների կողմից, մյուս կողմից էլ մեր հասարակության լայն շերտերն են անտարբեր այս հարցի նկատմամբ: Այդ անտարբերությունը տիկին Հովհաննիսյանն ինչ-որ չափով կապում է հանրության անտեղյակության հետ. «Առաջին հերթին մեր հասարակությունը պիտի ընդունի, որ Ցեղասպանություն եղել է, և մենք այդ ցեղասպանված ժողովրդի սերունդն ենք, նրանց իրավահաջորդը և պարտավոր ենք մեր պահանջատիրությունն առաջադրել,- ասում է նա,- բայց մենք այդ հարցում շատ չեզոք ենք, մեր քարոզչական մեքենան թույլ է, եթե չասենք՝ բացակայում է: Չեմ ուզում համեմատվել մեր հակառակորդների հետ, որովհետև նրանք քարոզչության վրա ահռելի միջոցներ են ծախսում և շատ լայն հնարավորություններ ունեն: Մեզ մոտ համակարգչային միջոցներն են օգտագործվում, ու մեկ էլ հաստափոր գրքեր են հրատարակում, որոնք քչերին են հասանելի ոչ բավարար տպաքանակի և հասարակության նվազ իրազեկվածության պատճառներով: Ցեղասպանության հարցը բարձրացնողները մտավորականներն են, ակադեմիական խավը, այնինչ, ես կուզեի, որ նաև հասարակության լայն զանգվածներն իրազեկված լինեին, հեռավոր մարզերի մարդիկ, որոնք գուցե ավելի շատ են տուժել, բայց տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվել այն ժամանակ և ինչ ենք պահանջում մենք հիմա»:

Տիկին Հովհաննիսյանը գտնում է, որ քարոզչության, ինչպես նաև հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու առումով առավել նպատակահարմար է տպագրել Ցեղասպանությունը վեր հանող փոքրիկ գրքույկներ (8-12 էջանոց), որոնցում ընդգրկված կլինեն ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմաբանների, դիվանագետների տեսակետները, և այդ գրքույկները թարգմանել թուրքերեն, ռուսերեն ու անգլերեն:

«Ծիրանենի» ցեղասպանության հիմնադրամի հիմնադիր տնօրենն ասում է, որ այսպիսի մի գրքույկ արդեն կա, սակայն այն տարածելու համար համապատասխան միջոցներ չկան. «Նախագահն ու կաթողիկոսը հավանություն տվել են գաղափարին, բայց ասացին՝ իրենց միջոցներն այնքան քիչ են, որ չեն կարող մեզ ինչ-որ ձևով օգնել: Դիմել ենք նաև տեղի մեծահարուստներին, ԱԺ պատգամավորներին, բայց բոլորն էլ քար անտարբերություն ցուցաբերեցին»,- ասաց Լ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ 4-5 միլիոն գրքույկ են ուզում տպագրել, որի համար կպահանջվի մոտ երկու միլիոն դրամ. «Ցեղասպանությունը մեր բոլորի հարցն է,- ընդգծեց բանախոսը,- և ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը, հատկապես մեծահարուստները, ոչ մի կերպ չեն կարողանում դա իրենց սրտին մոտ ընդունել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930