Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ոչ իշխանական Եռյակը Գորիսում հանրահավաք չի անցկացրել

Սեպտեմբեր 29,2014 22:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  երեկ ոչ իշխանական Եռյակը Սյունիքում հանրահավաքներ է անցկացրել մարզի Սիսիան եւ Կապան քաղաքներում:  Կազմակերպիչներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ  Եռյակը շրջանցեց Գորիսը եւ այնտեղ հանրահավաք չանցկացրեց: Արդյոք հաշվի՞ է  առնվել այն հանգամանքը, որ Գորիսում հնարավոր է մարդիկ  վախից ելնելով հրապարակ դուրս չգային:

«Ես չեմ ուզում այդպես մեկնաբանել, բայց կասեմ, որ միշտ Կապանն ավելի ազատ է  դրսեւորել իրեն, կապանցին շատ ավելի չի ենթարկվել ղեկավարության ճնշումներին, դրա ապացույցն էլ 2013թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքներն են », – մեր հարցին ի պատասխան նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ հավելեց, որ  ժամանակի խնդիր կար, եւ  այս ժամանակահատվածում Հայաստանի միայն 8 քաղաքում  է նախատեսված  եղել հանրահավաք կազմակերպել: «Այս հանրահավաքները նախապատրաստական հանրահավաքներ են, որ պետք է նախապատրաստեն հոկտեմբերի 10-ին: Չեմ կարծում, որ հոկտեմբերի 10-ով  կավարտվի, այնպես որ շատ ու շատ քաղաքներ կան, որտեղ մենք հետագայում կլինենք»,- նշեց  պարոն Հակոբյանը:

Իսկ  ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ հանրահավաք կազմակերպել են սփռված մարզի երկու կողմում էլ: Հանրահավաքը բոլորի համար  բաց էր` այդ թվում նաեւ գորիսեցիների: Իսկ մեր հարցին, թե միայն մարզի սփռված լինելո՞վ էր  պայմանավորված Գորիսում հավաք չանցկացնելը, վերջինս պատասխանեց. «Բոլորին հնարավորություն է տրված ներկա գտնվել մեր հանրահավաքներին, ոչինչ չի խանգարում, որպեսզի գորիսեցիները մասնակցեն: Վախի հետ կապված որեւիցե բան հաշվի չի առնվել եւ հաշվի չի առնվելու»,- ասաց Կապան այցելած պարոն Ուրիխանյանը:

Ինչպես նկատելի էր` ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի կազմակերպած համատեղ հավաքին Կապանում համեմատաբար քիչ մարդ էր մասնակցում, այնինչ նախկին հանրահավաքներին` հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ անցկացվող հավաքներին, հրապարակը մարդաշատ էր լինում: Տարբեր կարծիքներ են շրջանառվում, որ  շատերը վախեցել են ներկայանալ` աշխատանքից չզրկվելու համար կամ կորցրել են հավատն ու վստահությունը` երկրում որեւէ բան փոխելու ցանկացած գործընթացի հանդեպ:  Ռուբեն Հակոբյանը, թերեւս համամիտ չէ նշված կարծիքների հետ. «Կարծում եմ  համեմատությունը տեղին չէ,  քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակ հանրահավաքները նախընտրական շրջանում էր, իսկ այսօր նախապատրաստական հավաքներ են: Ես չեմ կարծում, թե այսօր  քիչ են հավաքվածները, իսկ անվստահության պահը, թերեւս կերեւա հոկտեմբերի 10-ին», – ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930