Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են խոսում Նոր Գեղիում կատարված պեղումները 

Սեպտեմբեր 29,2014 21:23

2014 թվականին 63 պեղման թույլտվություն է տրվել շուրջ վեց գիտական կազմակերպությունների: Այդ թույլտվություններից 41-ն ստացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Հայ-ամերիկյան արշավախմբի՝ Կոտայքի մարզի Նոր Գեղիի մերձակայքում կատարած պեղումների արդյունքները կարող են լուրջ հիմքեր ստեղծել՝ վերանայելու նախամարդու տարածման վերաբերյալ եղած պատկերացումները: 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին 5-6 տարի տևած աշխատանքների արդյունքները, որոնք ամփոփող հոդվածը տպագրվել է հեղինակավոր Science ամսագրում, որը, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նոր Գեղիի մերձակայքում կատարված պեղումները կարող են շրջադարձային լինել:

«Այստեղ հայտնաբերվել են 325-335 հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, որոնք ստիպում են կասկածի տակ դնել տարածված այն վարկածը, որ քարի ավելի բարդ մշակման տեխոնոլոգիաներն առաջին անգամ կիրառվել են Աֆրիկայում, հետո նոր միայն այնտեղից տարածվել աշխարհում: Հայտնաբերվել են նաև երկկողմանի մշակված քարե գործիքներ: Սա առաջին դեպքն է, երբ նույն տարածքում գործիքները մշակվում են երկու տարբեր մեթոդներով»,- ասաց Բ. Գասպարյանը՝ հավելելով, որ հուշարձանը, որտեղ հայտնաբերվել են քարե գործիքները, իրենք չէին գտնի, եթե Հրազդանի կիրճում զինվորականները ձոր իջնելու համար ճանապարհ չբացեին: Երբ տրակտորի կողմից հեռացվել է բազալտի շերտը, նրա տակ բացված նոր շերտի մեջ երևացել են գործիքներ՝ ծածկված հրաբխային մոխիրով, իսկ դրա հետազոտությունն էլ ցույց է տվել գործիքների վաղեմության աստիճանը:

Բ. Գասպարյանն ասում է, որ հուշարձանը բավականին լավ է պահպանված, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հետագայում ավելի հետաքրքիր բացահայտումներ անելու. «Այս պեղումները կասկածի տակ են դնում վարկածը, որ նախամարդն սկսել է զարգանալ Աֆրիկայում: Իհարկե, չի կարելի դա բացառել, բայց և չի կարելի միանշանակորեն այդպես պնդել: Պետք չէ մտածել, որ ամեն ինչ դրսից է սկսվել: Միակ խնդիրն այն է, որ այդ բոլոր եզրակացությունները արվել են միայն մեկ հուշարձանի ուսումնասիրությամբ, որը բավարար չէ»,- ասաց պարոն Գասպարյանը: 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930