Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը հիշեց պատգամավորների «ականջները քաշելու» օրինագիծը

Սեպտեմբեր 29,2014 19:56

Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց «պատգամավորների ականջները քաշելու մասին» օրինագիծը, որը քննարկվում էր ԱԺ-ում տարիներ առաջ: Խոսքը ԱԺ կանոնակարգի վերաբերյալ կառավարության առաջարկների մասին էր, որոնք որակվել էին որպես ականջ քաշելու օրինագիծ:

Հիշեցնենք, որ Ժառանգությունն առաջարկում է լրացում կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում եւ ամրագրել, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը պետք է համարվի կարգազանց: Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա փոփոխություն է չգործող, չկիրառվող հոդվածներում. «Ես թերահավատ եմ, որ դա կիրառվող հոդված է, հետւաբար՝ փոփոխություն հանուն փոփոխության՝ սա էլ մի բան չի»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ եթե ուրիշի փոխարեն քվեարկում են, պետք է ոչ թե զանցանք համարվի, այլ՝ հանցանք: Որովհետեւ, եթե դու ընտրողի քվեն ես ստացել ու եկել ԱԺ դահլիճում կեղծում ես քվեարկության արդյունքը, դա հանցագործություն է. «Հայհոյանքը, ինչքան էլ վիրավորական արտահայտություն լինի, նաեւ քրեական հետապնդման հիմք է: Բռունցքով հարվածելը, ծեծի ենթարկելը չի ենթադրում՝ դա ԱԺ դահլիճո՞ւմ է, թե՞ փողոցում՝ ենթակա է պատասխանատվության: Ինչո՞ւ ենք արհեստականորեն ասում, թե կոռեկտության կոչը կանցնի, ԱԺ դահլիճ է: Ոչ մի կոռեկտության կոչ էլ չի անցնում, բազմաթիվ անգամ ականատես ենք եղել»:

Դիմելով ՀՀԿ-ականներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Մեղադրում եք տիկին Փոստանջյանին՝ քվեարկության քարտերը վերցնելու եւ քվեարկությունը խափանելու մեջ: Սա ոչ միայն զանցանք չի, որովհետեւ օրենքը նախատեսել է հնարավորություն` էլեկտրոնային քվեարկություն կազմակերպելու դեպքում ինչ մեխանիզմով պետք է կատարվի քվեարկությունը: Հավաքական ակցիան չպետք է շփոթել զանցանքի կամ հանցանքի հետ: Եթե էլեկտրամատակարարումը խափանվել է, քվեարկությունը խափանվել է, էլեկտրիկին պետք է քրեական պատասխանատվությա՞ն ենթարկենք»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նույնիսկ նախարար են ունեցել, որը գրանցվել եւ քվեարկել է պատգամավորի փոխարեն: Դա եղել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ նախարարը, թե ով՝ անուն չհրապարակեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930