Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Այժմ աներկբա է` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին մաքսակետ է լինելու »

Սեպտեմբեր 29,2014 19:50

Ըստ Դանիել Իոաննիսյանի` ԵՏՄ-ի հետ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը անկախ առեւտուր կազմակերպելու մասով անկախ պետություն չի լինելու:

«Շատ լուրջ պայմանագիր է. Հայաստանի առաջիկա տասնամյակների կյանքն է կարգավորելու»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագրի նախագծին , հայտարարեց «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա համարում է, որ այդ պայմանագիրը պետք է հաստատվի բացառապես հանրաքվեի միջոցով: Նրա խոսքերով` պայմանագիրը դիտարկել որպես տնտեսական օգուտի պայմանագիր այդքան էլ լուրջ չէ: Նա այդ նախագիծը նմանեցնում է մի պետության կողմից մասնակիորեն մյուս պետությանը միանալու պայմանագրի. «Ըստ էության, սա ենթադրում է, որ մենք մեր պետական գործառույթների մի մասը հանձնում ենք Մոսկվային, սա պարզ հստակ գրված է, պետք չէ երկար մտածել, որպեսզի դա տեսնել: Թեւ սրանից ավելի քան 1 տարի առաջ այս մասին խոսում էր նաեւ Շավարշ Քոչարյանը, բայց դա նաեւ հասկացվում է այս պայմանագրի նախագծով, որ մենք մեր տարրերի մի մասը պաշտոնապես հանձնում ենք Մոսկվային»:

Դանիել Իոաննեսյանը ուշագրավ է համարում պայմանագրի նախագծի այն հատվածը, որով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին լինելու է մաքսակետ: Այդ մասին են փաստում Մաքսային միության մաքսային օրենսգրքի 2-րդ, 95-րդ, 97-րդ հոդվածները. «Արցախից այն ապրանքները, որոնք կներմուծվեն Հայաստան, պետք է մաքսազերծվեն Մաքսային միության դրույքաչափերով, իսկ այն ապրանքները, որոնք կարտահանվեն նաեւ այլ երկրներ, էլ ավելի մեծ խնդիրներ կունենան, որովհետեւ դրանց վրա էլ անհնար կլինի նշել` «Արտադրված է Հայաստանի Հանրապետությունում», որովհետեւ դրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված: Այժմ արդեն աներկբա է, որ պետք է մաքսակետ լինի»:

Անդրադառնալով հարցի տնտեսական մասին` նա նշեց, որ  հատկանշական է համարում, որ որոշ ապրանքատեսակներով մաքսային դրույքաչափերի թանկացումը հետաձգվել է, նրա խոսքերով այդ ապրաքններից շատերը կթանկանան կարճ ժամանակահատված հետո. «Թանկանալու են բոլորն անխտիր, սա հստակ եւ անխուսափելի է: Հարցը միայն ժամանակի մեջ է, դա կրկին առավել ուշագրավ եւ խիստ բացասական է»:

Ըստ պայմանագրի նախագծի կետերից մեկի` Հայաստանը պետք է կրկին բանակցություններ անցկացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ եւ փոխի իր անդամակցության կանոնները: Իսկ բանակցության արդյունքները մինչեւ վերջնական հաստատումը պետք է հավանության տա Եվրասիական տնտեսական խորհուրդի հանձնաժողովը. «Որոշողը Մոսկվան է դառնում, վերջ, մենք այլեւս այս մասով անկախություն չունենք, մենք այլեւս անկախ պետություն չենք` Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցելու եւ անկախ առեւտուր կազմակերպելու համար: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից մենք այս մասով անկախ պետություն չենք լինելու, եւ սա շատ հստակ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ դրվի, ԱՅԴ ՊԱՀԻՑ Արցախը այլևս հայկական չի՛ լինելու: Հայաստանում (և Արցախում) արդյո՞ք սա հասկանում են:

    Սկսելու են «մաքսակետից» ու հետո աստված գիտե միայն թե դրանից հետո ինչեր/ովքեր են կցվելու՝ այդ «մաքսակետերը» «պաշտպանելու/հսկելու» համար (օրինակ՝ մաքսակետերի շուրջ դիվերսիաներ կարող են սադրել): Դեռ չեմ խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանին մաքսակետերի տեղադրումը կործանե՛լու է Արցախի տնտեսությունը (ապրանքների ինքնարժեքի/գների կտրուկ բարձրացում, արտահանման պրոբլեմներ, և այլն):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930