«Էրեբունի-Երևան»-ը 2796 տարեկան է դառնում:Մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունն այս տարի կրում է «Երևան՝ իմ տուն» խորագիրը: Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին, իսկ ծրագրի ամփոփումը՝ հոկտեմբերի 12-ին:
Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ այս տարի կլինեն ինչպես ավանդական միջոցառումներ, այնպես էլ` նորարարություններ: «Այս տարի առաջին անգամ կանցկացվի սոցիալական ծրագիր, որի շրջանակներում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները կայցելեն 2796 սոցիալապես անապահով ընտանիքիների և կմատուցեն նրանց նվերները՝ արդուկ, սառնարան, գազօջախ»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների շրջանակում կանցկացվի նաև Երևան 2025 խորագիրը կրող համաժողովը, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցները կներկայացնեն, թե ինչպիսին են պատկերացնում Երևանը 2025 թ-ին:
Երևանի քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի Էրեբունի արգելոց-թանգարանի տարածքում: «Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ»,- նշեց Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ ծրագիրը կամփոփվի Հանրապետության հրապարակում՝ «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգով:
Սուքիասյանը նշեց նաև, որ այս տարվա մշակութային ծրագրերի եւ կոնֆերանսի վրա քաղաքապետարանը ծախսել է մոտ 130 մլն դրամ, որից 18 մլն-ը տրամադրվել է գովազդային ծախսերի համար, 50 միլիոնն էլ՝ սոցիալական ծրագրերի:
Կարդացեք նաև
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ