Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի ավերակների դիմաց գտնվող սահմանամերձ Հայկաձոր գյուղը հայտնվել է մեկուսացման մեջ (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 29,2014 17:57

1010 տարվա պատմություն ունեցող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղը, որի դիմաց Անիի ավերակներ են, զրկված է տրանսպորտից: Գյուղացիները առավել քան ապշած են, որ սահմանամերձ այս գյուղը տուրիստական կենտրոն դարձնելու, հյուրերին այստեղից պատմական Անին ցուցադրելու փոխարեն՝ բացարձակապես զրկել են կապի միջոցներից:
Նախ ահավոր է Հայկաձոր տանող ճանապարհը, բացի այդ, գյուղից Գյումրի ու հակառակ ուղղությամբ աշխատում է ընդամենը մեկ միկրոավտոբուս: Ժամը 2-ից հետո գյուղի բնակիչների` արտաքին աշխարհի հետ կապը ընդհատվում է: Գյուղացիների ասելով, միկրոավտոբուսը Գյումրի է գնում առավոտյան ժամը 9-ին, վերադառնում է ժամը 2-ին ու այլևս ոչ մի տրանսպորտային միջոց չի աշխատում: Իսկ Բագրավան կայարանը, որը 108 տարի գործել է, Երևան -Գյումրի գնացքը օրվա մեջ 3 անգամ անցնում է այստեղով, այժմ անգործության են մատնել: Գյուղացիները զրկվել են նաև այս մատչելի տրանսպորտի միջոցից:

Haykdzor-5

«Մենք զրկված ենք Երևանի, Գյումրիի հետ կապ ունենալուց: 14 տեղ ունեցող «գազելը» սպասարկում է 5 բնակավայրի`Անի- Պեմզա, Անի կայարան, Բագրավան, Հայկաձոր, հետո էլ Ջրափի: Հենց իջնում ենք Գյումրի, գյումրեցիները մեզ անմիջապես ճանաչում են, տեսնելով կռացած վիճակներս հարցնում են` կարո՞ղ է դուք հայկաձորցի եք, էդքան որ արդեն կռացել ենք: Դեպի գյուղ եկող ճանապարհը ` 3-4 կիլոմետրը շատ վատ վիճակում է, արդեն 23 տարի անցել է, էսքան էլ գյուղապետ է փոխվել, ոչ մեկը չի մտածել էդ ճանապարհների հարցը բարձրացնել վերին ինստանցիաները»,- մեզ հետ զրույցում դժգոհեց գյուղի բնակիչներից մեկը` Սաշա Եղոյանը:

 

 

Ըստ մեր զրուցակցի, գյուղում 1973 թվականին Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակին հուշարձան է կառուցվել, սակայն 15 տարի առաջ ուժեղ կայծակի պատճառով հուշարձանից 4 քար ընկել է ո ւ մինչև օրս մեկը չկա, որ դրանք տեղադրի: «Շատերը մոռացել են, թե էդ հուշարձանը ինչի՞ համար է կառուցվել, իսկ ներկայիս սերունդը չգիտի` ով ում դեմ է կռվել, կամ ինչի՞ են կռվել»,- ասաց Սաշա Եղոյանը:

Վերջինս մեզ խնդրում էր գյուղի այս խնդիրների մասին տեղեկացնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, սակայն մարզպետը քաջատեղյակ էր ու ներկայացրեց իր պարզաբանումները: Ըստ մարզպետի, Երևան –Գյումրի գնացքի աշխատանքը փորձեցին բարելավել, որպեսզի այն արագ աշխատի, այդ պատճառով էլ շատ կայարաններում կայարանատեղիները վերացրեցին: Մարզպետին «Հարավ-կովկասյան» երկաթուղուց պատասխանել են, որ Բագրավանում գնացքի կայանելը ֆինանսապես իրենց ձեռնտու չէ, քանի որ այստեղից ուղևորների թիվը քիչ է:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930