ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին «Ժառանգության» նախագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանի՝ պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու միջադեպին անդրադարձան մի քանի ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ Զարուհի Փոստանջյանի արածը հանցագործություն է, որովհետեւ առանց պատգամավորին հարցնելու՝ վերցրել է նրա քվեարկության քարտը:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ դիմել իրավապահ մարմինների: Թող իրենք իրավական գնահատական տան ձեր հաղորդմանը՝ հանցագործության մասին, եթե դուք այդպես եք կարծում: Որպես իրավաբան, ես ձեզ ուղղակի այդ խորհուրդն եմ տալիս»:
Սուքիաս Ավետիսյանն էլ արձագանքեց. «Շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար: Դուք խորհուրդներ ձեր տանը տվեք: Կարծում եմ, որ դուք պետք է ներողություն խնդրեիք այս ամբիոնից՝ այդ հանցագործության համար»:
Զարուհի Փոստանջյանը բարկացավ. «Ուրեմն ներողություն խնդրելու կարիքը չունեմ, եթե նման իրավիճակում լինի այս խորհրդարանը՝ նույնը կկրկնեմ: Դուք պետք է ներողություն խնդրեք ժողովրդից, որ այս վիճակում է գտնվում մեր ժողովուրդը: Անկախ նրանից դուք ինչ գործարք էիք ենթադրում կատարել այդ պայմանագրով (նկատի ունի Գազի պայմանագրի քվեարկությունը,- Հ. Ջ.), այնուամենայնիվ, գազը թանկացել է: Հենց դրա համար պետք է ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ոչ թե ես ձեզանից պետք է ներողություն խնդրեմ»:
Խաչատուր Քոքոբելյանը հուշեց, որ դա եղել է քաղաքական ակցիա: Նա առաջարկեց ավելացնել ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ոչ ոք իրավունք չունի պատգամավորին զրկել ձայնի իրավունքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ www.parliamentmonitoring.am-ից