Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ հարսանիք չի եղել, ես ո՞ր մեկի քավորն էի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2014 17:33

Անի պատմական մայրաքաղաքի արվարձաններից մեկը համարվող Հայկաձոր գյուղը, որն այս պահին Շիրակի մարզի վարչական տարածքում է ու գտնվում է հայ-թուրքական սահմանի վրա, տարեցտարի կորցնում է իր բնակիչներին: Թեև բնակիչների թիվը պաշտոնապես 542 է, սակայն գյուղացիների ասելով, մնացել է մոտ կեսը: Շատերը տեղափոխվել են բնակության Գյումրի, Երևան, նաև Ռուսաստան, արտասահման:
Գյուղի 60-ամյա բնակիչներից մեկի` Արշալույս Հարությունյանի ասելով, իր սիրտը կտոր-կտոր է լինում, երբ տեսնում է, որ գյուղից մարդիկ գնում են: «Կառավարությունը շատ մեծ անելիք ունի սահմանամերձ գյուղերում, դուք տեսաք, որ մեր գյուղ բերող ճանապարհը խայտառակություն է: Գնացքը թեև մեր գյուղի մոտով է անցնում, բայց չի կանգնում: Տրանսպորտը ահավոր վիճակում է: Գյուղի պոմպակայանը վառվել է, բյուջեում փող չկա, նման շռայլություն չենք կարող թույլ տալ, որ վերանորոգենք, զրկվել ենք ոռոգման ջրից:

Հաջորդ տառապալից ցավն այն է, որ մեր անասուններին 20 տարի է` չենք կարող տանել սահմանամերձ արոտավայրեր: Չեն թույլատրում. մոտ 400-500 հեկտար տարածք դատարկ է մնում, թեև մենք հողահարկ ենք տալիս դրա համար»,- բողոքում է մեր զրուցակիցը:

Haykdzor Haykdzor-3
Գյուղացիների պնդմամբ՝ ամենաողբերգականն այն է, որ գյուղում երկու տարի հարսանիք չի եղել: Արշալույս Հարությունյանի ասելով, իր տղայի ամուսնության ժամանակն է, սակայն վերջինս խոպան է գնում Ռուսաստան, ամեն տարի գալիս վարկերն է փակվում ու փող չի մնում ամուսնության:

Իսկ թե ինչո՞ւ է Արշալույս Հարությունյանը բնակվում անհրապույր պայմաններ ունեցող այս գյուղում, վերջինս այս հարցից վիրավորվում է: Նա մատով ցույց է տալիս Արևմտյան Հայաստանը` ասելով. «Տեսեք, էստեղից պարզ երևում է սահմանը, բա որ մենք էլ թողնենք, հեռանանք, շուն թուրքը ասի, թե թողեցին, հեռացա՞ն, դրա մասին չե՞ք մտածում»: Արշալույս Հարությունյանը կառավարությանը հորդորում է մտածել հենց այս մասին, արտոնյալ պայմաններ ստեղծել բնակության համար, որպեսզի սահմանամերձ տեղանքները չդատարկվեն, մարդիկ չգնան ու թուրքերին ուրախություն չպատճառեն:


Նույն գյուղի տարեց բնակչուհի Սիլվա Կարապետյանն էլ փաստում է, որ այս գյուղի կանայք «պարապ գործերի նախարարության աշխատակիցներ են»: Տիկինը նույնպես վստահեցնում է , որ երկու տարի շարունակ գյուղում հարսանիք չի եղել, երիտասարդները շատ ուշ են ամուսնանում՝ վարկեր ունենալու պատճառով, գյուղի տղամարդիկ էլ մեծ մասամբ դրսերում են աշխատում:

Գյուղապետ Գևորգ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ գյուղում հարսանիքներ չեն լինում, զարմանում է. «Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ…Բա որ հարսանիք չի եղել, որի՞ քավորն եմ ես եղել: Հարսանիք էլ կա, ուրախություն էլ կա, բանակ ճանապարհելու զինվորներ էլ ունեն: Ամեն տարի հայկական բանակին նվիրում ենք 3-4 զինվոր, որոնք մեր անդորրն են պահպանում»: Գյուղապետը վստահեցնում է, որ Հայկաձորը երբեք չի նմանվի հարևան Խարկովին, երբեք չի դատարկվի…

Մանրամասները`  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930