Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը դժգոհում է, որ իրեն խանգարած հարբած պատգամավորներին չեն պատժել

Սեպտեմբեր 29,2014 17:28

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած նախագիծը՝  ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու եւ ավելացնելու, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց: Զարուհի Փոստանջյանն առաջարկում է նաեւ, որ կարգազանց պատգամավորի վերաբերյալ ԱԺ նիստը վարողը հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց՝ վստա՞հ եք, որ այդ փոփոխությունը, որը կատարվի ԱԺ կանոնակարգ օրենքում, կիրագործվի: Զարուհի Փոստանջյանն էլ բացատրեց, որ եթե նիստը վարողը, այսպես ասած չտեսնելու տա ուրիշի փոխարեն քվեարկողին, իրենք բոլորը տեսնում են, հետեւում են, այդ դեպքում նիստը վարողը նույնպես կհամարվի կարգազանց ու հանցակից. «Փաստորեն ինքն իր վրա է դնում այդ պարտականությունը, որ պետք է նիստը վերահսկի: Կարող է նա չտեսնի, բայց երբ մենք բարձրաձայնեցինք, պետք է համարի կարգազանց այդ պատգամավորին»:
Հեղինե Բիշարյանը դժգոհ էր, որ պատգամավորին հանցագործի տեղ կարելի է դնել. «Մի փոքր խախտումների համար բոլորս այստեղ…չգիտեմ կամ հանցագործներ ենք, կամ ծանր հանցագործներ ենք: Կարծում եմ, ինչ-որ չափ կա եւ այս դահլիճում որեւէ մեկն այդ չափը չի անցնում»:

Այնուամենայնիվ, Հեղինե Բիշարյանը հիշեցրեց այն դեպքը, երբ նիստերից մեկի ժամանակ իր 2 գործընկերները հարբած խանգարել են իր ելույթը. «Որեւէ մեկը նրանց չպատժեց: Կարծում եմ, այս դեպքում էլ այդ փոփոխությունները օրենքում մնալու են սպիտակի վրա սեւով գրված տողեր»:

Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց, որ Հայաստանը, ցավոք, իրավական պետություն չէ եւ դատական համակարգով չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները. «Բայց եթե մենք իրավունքի կողմնակից քաղաքացիներ ենք, եթե այդ պահին պատգամավորները հարբած էին, աղմկում էին, հասարակական կարգն էին խախտում, նաեւ դահլիճում բնականոն ընթացքն էր խափանվում, տվյալ պարագայում կա հանցակազմ: Նաեւ մեզանից է կախված՝ մենք պահանջո՞ւմ ենք, որ հետեւանքները տվյալ պատգամավորի նկատմամբ լինեն, թե՞ ոչ: Շատ դեպքերում մենք աչք ենք փակում: Դուք ասում եք՝ եկեք հարգալից լինենք, բայց ի՞նչ եք պատկերացնում, եթե չի հերիքում ձայները եւ մեկը մյուսի փոխարեն քվեարկում են, տվյալ պարագայում դա կեղծիք չէ՞: Օրինակ, «Արտակարգ դրության մասին» օրենքի քննարկման եւ քվեարկության ժամանակ տեղի ունեցավ կեղծիք, այդ օրենքը չէր անցել: Անցյալ տարի էլ գազի պայմանագրի հետ կապված քվեարկություն էր տեղի ունենում, այդ օրենքը չէր անցել, բայց հայտարարվեց, որ անցել է: Այս ամենին մենք որեւէ կերպ պետք է արձագանքենք, որ հետագայում, լինելով իրավական պետություն՝ այդ ամենը կուտակենք որպես հանցագործություններ, որոնք տեղի են ունեցել: Սրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական: Մենք չենք տվել: Եթե մեկ-երկու անգամ տրվի գնահատական՝ տվյալ անձը իրեն արդեն կպահի այնպես, ինչպես օրենքով է սահմանված եւ ինչպես պահանջում է հասարակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930