Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Արտահերթը ամենաուղիղ ճանապարհն է` տապալելու խնդրի լուծումը»

Սեպտեմբեր 29,2014 17:24

Այսօր, ժամը 18.30-ին ՕԵԿ նախաձեռնությամբ, նախատեսվում է, որ արտահերթ նիստ կգումարվի: Օրակարգում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը: Քաղաքական մեծամասնությունը, սակայն, արտահերթին չի մասնակցելու:

Aravot. am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ խնդիրը առնչվում է մի շարք օրենքներում, այդ թվում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններին, ինչը հանձնաժողովի նախորդ նիստում քննարկվել է:
Իսկ թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն հրաժարվում մասնակցել արտահերթ նիստի աշխատանքներին, Հովհաննես Սահակյանն այսպես բացատրեց.«Գնալով ընդառաջ ՕԵԿ-ին եւ հանձնաժողովում ձևավորված մթնոլորտին, այս խնդիրը` հարկերի մասով անջատ, մտցրել ենք մեծ օրակարգ: Դրան զուգահեռ սպասում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը կայացնի իր որոշումը`արդյոք այն գտնվո՞ւմ է սահմանադրական տիրույթում, որպեսզի դրանից հետո նոր այն հիմնովին լուծենք: Մենք չենք կարող հիմա որևէ լուծում առաջարկել, այնուհետև փորձել համապատասխանեցնել այն Սահմանադրական դատարանի որոշմանը»:

Հովհաննես Սահակյանը նաեւ պարզաբանեց, որ հանձնաժողովի նիստում հնչել է տեսակետ, թե չեն կարող սպասել, քանի որ ժողովրդի համար խնդիր է և այլն ու իրենք, հարցը մասամբ օրակարգ ընդգրկելով, փորձել են հենց այդ խնդիրը լուծել. «Երբ բանկերի կողմից հաշվեհամարի վրա կալանք է դրվում, կալանքը դրվի այն չափով, որքան որ տուգանքն է և ոչ թե ամբողջությամբ հաշվեհամարի վրա: Բացի այդ, ինչպես հիշում եք, փորձեցինք ծանուցման գործընթացը որոշակիորեն հստակեցնել: Բայց այս մյուս խնդիրները գտնվում են մեկ այլ հարթությունում, այն է` Սահմանադրական դատարանի տիրույթում»:
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ թեև ԱԺ անցած լիագումար նիստում ինքն այդ ամենը բացատրել է ու ներկայացրել ԱԺ ամբիոնից , նաև քննարկում անցկացրել հանձնաժողովում և պայմանավորվել, որ նախագիծը պետք է ներկայացվի համատեղ, առանց ավելորդ ամբիցիաների, քանի որ ժողովրդին հուզող հարց է, բայց ՕԵԿ-ը հանդես եկավ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Մինչդեռ թե ինքը, թե քաղաքական մեծամասնությունը բազմիցս են հորդորել`սպասել ՍԴ որոշմանը. «Ես մնում եմ այն կարծիքին, որ արտահերթը ամենաուղիղ ճանապարհն է տապալելու խնդրի լուծումը, և սա ամենակարճ ճանապարհն է, որպեսզի այս խնդիրը չլուծվի հիմնովին: Դրա համար ՀՀԿ խմբակցությունը չի կարող քայլեր կատարի, երբ այս կարևորագույն հարցը ընդամենը ոմանց քաղաքական ամբիցիաները բավարարելու կոնտեքստում է դիտվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930