«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը հենց հոկտեմբերի 10–ին էլ կստորագրվի:
«Մշտապես փոփոխվող դրության պայմաններում ավելի ճշգրիտ կանխատեսում անելը դժվար է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ուկրաինայի շուրջ դրության ապակայունացումը ազդում է Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգման վրա»,– այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ասաց պարոն Հարությունյանը։
Նրա խոսքով, չնայած Եվրասիական միությանը անդամակցելու հարցում Հայաստանը ռազմավարապես և տնտեսապես մեծ շահագրգռվածություն ունի, սակայն Հայաստանի միանալը ձեռնտու է նաև Միության անդամ երկրներին.
«Իրադարձությունների վերջին զարգացումները ցույց են տվել, որ Հայաստանին վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի կողմից։ Վտանգ է կրում նաև իսլամիստների ակտիվացումը, ովքեր կարող են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Կովկասի վրա։ Այսպիսով, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ճիշտ ընտրություն է»:
Հետո պարոն Հարությունյանը պատմեց, որ իրենց հիմնադրամի անցկացրած մի քանի հարցումները ցույց են տվել` Հայաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է ԵՏՄ–ին միանալուն.«Նախնական տվյալներով, այդ կարծիքին են նաև Սփյուռքի ներկայացուցիչները։ Ռուսաստանի հասարակական կարծիքի հարցումները նույնպես ցույց են տվել, որ Բելառուսից հետո ռուսները ԵՏՄ կազմում ցանկանում են տեսնել հենց Հայաստանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10–ին Մինսկում` ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների բանակցությունների ավարտին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ