«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարել եւ ամրագրել, որ կարգազանց են համարվում նաեւ այն պատգամավորները, որոնք գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:
Զարուհի Փոստանջյանն օրենքը ներկայացնելիս ասաց, որ երբ օրենքի նախագիծը մշակում էր, նախատեսել էր, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ նիստը վարողը պետք է ոչ միայն հայտարարություն անի՝ որպես կարգազանց պատգամավորի, այլեւ այդ անձանց նկատմամբ նաեւ հաղորդում ուղարկի իրավապահ մարմիներին՝ որպես անձինք, որոնք թույլ են տվել քրեորեն պատժելի արարք: Սակայն այդ վերջին դրույթի հետ կապված հանձնաժողովում համաձայնության չեն եկել եւ Զարուհի Փոստանջյանը համաձայնել է բավարարվել միայն այն որակմամբ, որ ուրիշի փոխարեն քվեարկողները կորակվեն որպես կարգազանց:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե նույնիսկ այս օրենքն ընդունվի, հարցն ամբողջական լուծում չի կարող ստանալ, քանի որ կա Էդուարդ Շարմազանովի հարցը. «Կա հարց նիստը վարողի կարգապահության հետ կապված: Այն ժամանակ, երբ նիստը վարողը չարաշահում է իր լիազորությունները եւ, օրինակ, անհարկի անջատում է խոսափողը, զրկում է պատգամավորին արտահայտվելու իրավունքից, ինչը կամայական մոտեցում է: Ձեր մասով էլ պետք է մի օրինագիծ ներկայացնեմ: Հատկապես դուք եք այդ իրավունքը չարաշահում: Արձանագրել եք այդ առումով ռեկորդ՝ ամենաշատը դուք եք ընդհատել ու անջատել խոսափողը»:
Հիշեցնենք, որ այսօր էլ Էդուարդ Շարմազանովը անջատել էր տվել Զարուհի Փոստանջյանի խոսափողը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ