Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյան. «Լիսկան անգամ հեռավոր պատկերացում չունի Սահմանադրության մասին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2014 16:35

«Սա միանշանակ ապտակ էր հասարակությանը, սա ցինիզմի դրսևորման գագաթնակետն է»,-Aravot.am-ի հարցին ` Սուրիկ Խաչատրյանին` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը ապտա՞կ էր հասարակությանը, մանավանդ հասարակական ընդվզումը նրա դեմ ակնհայտ էր, այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը:

Նա նշանակմանն այսպիսի գնահատական տվեց. «Այս իշխանություններն ակնհայտ մարդասպանին նշանակել են մարզպետ, և սա գալիս է ապացուցելու, որ այս իշխանություններն ուղղակի իրենց այդ դիրքորոշմամբ ճնշում են գործադրում հասարակության վրա և ուղերձ հղում, թե ձեզ կառավարելու է մարդասպանը, և եթե ձեզնից որևէ մեկը փորձի ընդվզել, կընկնի Բուդաղյանի օրը»:

Գայանե Առուստամյանի կարծիքով` հասարակության ոչ բոլոր շերտերն են ընդվզել. «Ես չէի ասի, որ մեր հասարակության բոլոր շերտերն են ընդվզել այդ նշանակման դեմ, քանի որ տեսանք, որ Սյունիքում ինչ-որ հանրույթ, շաղված կին, որը բանաստեղծություն էր արտասանում Լիսկային ձոնված, ինչ-որ մարդիկ, որոնք սեղմում էին նրա ձեռքերը և կենաց խմում: Զարմացա, որ նրա ոտքերի տակ ոչխար չեն մորթել, քանի որ դա էլ է ավանդույթ»:

Գայանե Առուստամյանի կարծիքով`«այս նշանակումը նույնիսկ ապտակ չէ, այլ ավելի ցինիկ դրսևորում ՀՀ հասարակությանն ուղղված»:

Դիմելով սյունեցիներին` Գայանե Առուստամյանն ասաց, թե «պատմականորեն արժանապատվություն ունեցող ժողովուրդ եք, և ես զարմացած եմ, որ դուք չեք կանգնում և Լիսկային ուղղակի չեք քշում փայտերով ու քարերով իր այդ որջից»: Մեր դիտարկմանը, գուցե վախենո՞ւմ են, տիկին Առուստամյանն ասաց. «Մի վախեցեք, սյունեցիներ»:
Aravot.am-ը հիշեցրեց, թե Սուրիկ Խաչատրյանը նույնիսկ չսպասեց էլ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ Սահմանադրությանը համապատասխան վավերացնի իր վերանշանակումը  ու անցավ գործառույթների իրականացմանը, Գայանե Առուստամյանն արձագանքեց. «Սուրիկ Խաչատրյանը ո՞վ է` Լիսկան, հա: Վստահ եմ, որ այս մարդը Սահմանադրությունից տեղեկություն չունի, և այս իշխանությունը ու նրա նշանակումները Սահմանադրությամբ և օրենքներով չեն առաջնորդվում, այլ ներքին մաֆիայի օրենքներով: Ակնհայտ է, որ ներքին կարգով ուղղակի ասվել է Լիսկային` գնա տեղդ, և նա գնացել է իր տեղը: Լիսկան անգամ հեռավոր պատկերացում չունի Սահմանադրության մասին, ի՞նչ է Սահմանադրությունը նրա համար, վստահ եմ` ոչինչ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930