Ստրասբուրգում այսօր մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Այն կավարտվի հոկտեմբերի 3-ին: Վեհաժողովը լիագումար նիստում այս պահին քննարկում է Թուրքիայում կայացած ընտրությունների հարցը:
ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը, թեև որոշ առաջընթաց նկատում է Թուրքիայում ընտրությունների կազմակերպման առումով, սակայն ԵԽԽՎ ամբիոնից մի շարք թերությունների մասին են բարձրաձայնում: Օրինակ` մտահոգություն հայտնեցին այն մասին, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, լրատվամիջոցների` նախընտրական փուլում վարչապետ Էրդողանի օգտին քարոզչություն կատարելու համատարած դեպքեր:
Լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը շեշտեց. «Եթե նայենք Թուրքիայում նախագահական ընտրություններին զուտ ընտրությունների անցկացման օրվա կտրվածքով, ապա այդ օրն ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր: Սակայն նախընտրական ժամանակահատվածում գրանցվել է անհավասար ընտրապայքար, վարչական ռեսուրսի չարաշահման, լրատվամիջոցների` Էրդողանի օգտին քարոզչություն կատարելու բազմաթիվ դեպքեր»:
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգային հարցերից են Ուկրաինայի ճգնաժամն ու Եվրոպայում նեոնացիզմի դեմ պայքարը, այս մասին սեպտեմբերի 30-ին Ուկրաինայում ԵԽԽՎ մոնիթորինգ իրականացնող, համազեկուցող Մարիետա դե Պուրբե-Լունդին (Շվեդիա) կներկայացնի համապատասխան զեկույցը:
Կարդացեք նաև
Նշենք, նաև, որ այս նստաշրջանին ևս ռուսական պատվիրակությունը չի մասնակցի, քանի որ զրկված է ձայնի իրավունքից, ինչը կապված էր Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ: Վեհաժողովը կքննարկի նաև «Իսլամական պետություն» ջիհադիստական շարժումից բխող սպառնալիքները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ