Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաղանդավոր երիտասարդների տեսնելիս վերածնվում եմ». Զախար Բրոն

Սեպտեմբեր 29,2014 15:51

Սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի (Գերմանիա) և մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանի (Իսրայել) համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ:

«Սա ինձ համար շատ պատասխանատու համերգ է և, միևնույն ժամանակ, առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես Զախար Բրոնի աշակերտներից մեկն եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Զախար Բրոնն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին անգամ մեր երկրում եղել է երեսուն տարի առաջ. «Ինձ ինչ-որ բան հուշում է, որ տաղանդավոր երաժիշտների եմ հանդիպելու Հայաստանում: Իսկ դա շատ հաճելի զգացողություն է, տաղանդավոր երիտասարդների տեսնելիս ես, կարծես թե, վերածնվում եմ: Իմ բախտն այդ առումով շատ է բերել. ինձ մոտ տաղանդավոր հայեր էլ են սովորել: Երևի ինչ-որ տաղանդ ունեմ այս ոլորտում: Ցանկացած գործում քո մտքերը, գաղափարներն իրականացնելու համար նյութ է պետք, ես երբեք այդ նյութի պակասը չեմ զգացել»,- ասում է Զ. Բրոնը:
Դաշնակահար Վահագն Պապյանն էլ ընդգծեց, որ երիտասարդական նվագախմբերի հետ աշխատելը իրեն մեծ հաճույք է պատճառում. «Նրանք շատ աշխատասեր են, նման եռանդով աշխատելը բնորոշ է միայն երիտասարդական նվագախմբերին»,- ասաց նա:
Նշենք, որ համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և նվիրվում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին:

Համերգին մասնակցում է նաև 15-ամյա, բայց արդեն հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին (Ճապոնիա), որը Զ. Բրոնի սաներից է: Նա խոստացավ սովորել և նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Մենք Մոնեի հետ անակնկալ ենք պատրաստել, բայց, բնականաբար, ես դրա մասին այսօր չեմ խոսի: Միայն ուզում եմ վստահեցնել, որ շատ հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել»,- ասաց Ս. Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն, Մոնե Հաթորի), Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի), Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930