Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառից կախվածի գործով մեկ տարի հետո քրեական հետապնդումը դադարեցվում է

Սեպտեմբեր 29,2014 15:06

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին բողոք է բերել տուժող Գյանջիրով Հովհանյանի իրավահաջորդ Գայանե Հովհանյանը:

Բողոքը վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա.Ավետյանի կողմից կայացրած 29.07.2014թ. «քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» և ՀՀ դատախազության Արարատի մարզի դատախազ Հ.Մելիք-Սարգսյանի կողմից կայացված 19.08.2014թ.
«տուժողի իրավահաջորդի բողոքը մերժելու մասին» որոշումներին:

Aravot.am-ի տեղեկություններով, Մուշեղ Խաչատրյանի հաղորդման կապակցությամբ Արարատի քննչական բաժանմունքում «Ջի-ընդ Էյ» ՓԲ ընկերության աշխատակից Գյանջիրով Աղվանի Հովհանյանի դիակը ծառից կախված վիճակում հայտնաբերելու փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:

Հարուցվել էր թիվ 26109313 քրեական գործը, իսկ բողոքաբերը ճանաչվել էր տուժողի իրավահաջորդ:

Շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում՝ 29.07.2014թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա.Ավետյանի կողմից որոշում է կայացվել «քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Որոշման դեմ վերադասության կարգով բողոք է ներկայացվել տուժողի իրավահաջորդի կողմից:

19.08.2014թ. ՀՀ դատախազության Արարատի մարզի դատախազ Հ.Մելիք-Սարգսյանի կողմից որոշում է կայացվել «տուժողի իրավահաջորդի բողոքը մերժելու մասին», որը հանձնվել է տուժողի իրավահաջորդին 26.08.2014թ-ին:

Ըստ տուժող կողմի. «Քննիչը չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, ձեռնարկելու օրենքով նախատեսված բոլոր միջոցները Գյանջիրով Հովհանյանին Ն. և Հովհ.Ավետիսյանների կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով ապօրինաբար կյանքից զրկելու կամ նրանց կողմից ինքնասպանության հասցնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ», մասնավորապես, նախաքննության ընթացքում տուժողի հարազատների՝ կնոջ և դստեր հայտնած տվյալները, ներկայացված ապացույցները ստուգելու ուղղությամբ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից որևէ գործնական միջոցներ չեն ձեռնարկվել, վերջիններս բավարարվել են ձևական քննություն իրականացնելով ու «սպանության վերաբերյալ փաստերի թաքցմամբ ու կեղծմամբ հնարավոր բոլոր եղանակներով «հերքող» տվյալներ հավաքելով»:

Տուժող կողմը հայտնում է, որ նախաքննության ընթացքում Գյանջիրով Հովհանյանին ապօրինաբար կյանքից զրկելու, նրան ինքնասպանության հասցնելու վերաբերյալ առկա են եղել բազմաթիվ ապացույցներ, հեռախոսային ձայնագրություններ, լուսանկարներ, մինչդեռ նախաքննական մարմինը այդ ապացույցների մի մասն ընդհանրապես անտեսել է:
Կասկածները հիմնականում վերաբերում են մի շարք հանգամանքների: Գյանջիրով Հովհանյանը. տանից դուրս գալուց հետո մինչև դիակի հայտնաբերմանը՝ ծառից կախված վիճակում, ինչով է զբաղվել մինչ այդ, ում հետ է ալկոհոլ օգտագործել, ինչպես է հայտնվել բնակավայրից դուրս՝ դաշտերում, որտեղից մետաղալարը, որից կախված է եղել մարմինը, հնարավո՞ր էր 2.5 մմ տրամագծով մետաղալարը առանց որևէ գործիքի (հարթաշուրթ, աքցան) ձեռքով պտտել, փաթաթել իրար հանգույցը ամրացնելու համար, ինչպես նաև ծառից ամրացնելու համար, ինչպես է ծառին ամրացվել 65 տարեկան անձը, եթե ծառ է բարձրացել ու ստացել մարմնական վնասվածքներ, որոնք մարմնի տարբեր մասերում են և հավանական չի, ինչո՞ւ հագուստների վրա որևէ վնասվածքներ չեն առաջացել:

Ըստ նախնական տեղեկությունների, ծառի վրա արյուն չի հայտնաբերվել:

Բողոքաբերը հարցնում է, եթե ծառի վրա արյուն չի հայտնաբերվել, իսկ հոր հագուստների վրա բազմաթիվ արյան հետքեր կան, ապա ինչո՞ւ չի քննարկվել այս վարկածը, որ Գյանջիրովը չի բարձրացել այդ ծառը, նրան «օգնել» է կամ՝ են, որը կապել է մետաղալարը: Քննությամբ չի պարզվել, թե ինչու հեռախոսի զննության և վերծանումների տեղեկությունները չեն համապատասխանում:

«Մեկ տարի քննություն են կատարել ու ոչ էլ կարողացել են գրագետ ձևով մաքրել սպանության հետքերը»,-իր բողոքում գրել էր Գայանե Հովհանյանը:

Գայանե Հովհանյանը քննությանը ներկայացրել է նաև՝ հոր դիակի լուսանկարները, որտեղ հստակ երևում են ձախ աչքի տակ առկա քերծվածքը, կոտրված քիթը, ներկայացրել է նաև այն ավտոմեքենայի մակնիշին համապատասխան մեքենայի լուսանկար, որը տեսել է իրենց փողոցում և որի միջից լսել է դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցող խոսակցությունը:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930