Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ սահմանապահ համայնքներին աջակցելու նախագիծը մերժվեց

Սեպտեմբեր 29,2014 14:59

Այսօր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը քվեարկության դրվեց օրակարգ մտնելու համար եւ մերժվեց:

Մինչ քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց պատգամավորներին, որ օրենքով նախատեսվում է, որ սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը պետք է վճարի պետությունը, նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն, առողջապահական անվճար ծառայություններ եւ այլ արտոնություններ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում այդ նախագիծը դրական եզրակացության չի արժանացել: Պարոն Փաշինյանը մասնավորեցրեց, որ խոսքը ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցության անդամների մասին է. «ԲՀԿ-ի պատճառաբանությունն այն է, որ պետք է ոչ թե առանձին օրենքով դա արվի, այլ պետք է այլ օրենքներում փոփոխություններ մտցնեն: Ես այս փաստարկին նույնիսկ չեմ անդրադառնալ, որովհետեւ ես փաստաթղթում նշել եմ, որ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում այս նախագծով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի փաստարկներին, նրանք նշում են, որ կառավարությունն ավելի համապարփակ նախագիծ է ներկայացնում: Ինքս մասնակցել եմ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստին, որտեղ նախատեսվում էր սահմանամերձ համայնքների հարցերը քննարկել, եւ կարող եմ հաստատել, որ սրան համարժեք նախագիծ ստեղծելու հարց առայժմ կառավարության օրակարգում չկա: Կառավարությունը նախատեսում է որոշակի արտոնություններ տալ ինստիտուտներին՝ համայնքներ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցներ, ՍՊԸ-ներ, իսկ մեր օրենքով նախատեսվում է արտոնություն տալ ուղիղ այն մարդկանց, ովքեր հիմա ապրում են սահմանապահ համայնքներում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահեցրեց, որ իրենք դեմ չեն քվեարկել հանձնաժողովում, այլ՝ ձեռնպահ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, սահմանապահ համայնքների բնակիչները պետք է զգան, թե ինչ փոխվեց ամառային իրենց այցելությունից հետո:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ 6 խմբակցություններ դիմել են նույն հարցով կառավարությանը, եւ նրանց առաջարկները հաշվի առնելով՝ նախագիծն ավելի համապարփակ կլինի: Նա հորդորեց, որ աշխատելիս միասին աշխատեն ու համաձայնեցնեն իրար հետ: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հանձնաժողովում էլ պարտավորվել էր, որ եթե իր ներկայացրած նախագիծը մտնի ԱԺ օրակարգ, անձամբ կմոտենա խմբակցություններին եւ որպես համահեղինակ կմիանան նախագծին՝ իրենց առաջարկություններով 2-ական պատգամավոր:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով էլ՝ օրերս է Տավուշում եղել եւ նման օրենքի նախագիծ այսօր շատ հրատապ է, եւ իրավունք չունեն սպասելու կառավարությանը:

Հեղինե Բիշարյանը հորդորեց աջակցել խորհրդարանի պատգամավորին՝ Փաշինյանին եւ «մոդայիկ չդարձնել, որ պետք է պատգամավորների նախագծերը մերժել, սպասել կառավարությանը, որը պիտի նմանատիպ մի բան բերի»:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության. Կողմ քվեարկեց 40, դեմ՝3, ձեռնպահ՝ 50 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930