Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների սխալ քվեարկությունը խուճապ ստեղծեց ԱԺ-ում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2014 14:54

Այսօր ԱԺ-ում երբ քվեարկության դրվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը, անսպասելիորեն անցավ: Կողմ քվեարկեց 47, դեմ 42 եւ ձեռնպահ 3 պատգամավոր:

Հետո ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ իրենց պատգամավորների մի մասը սխալվել է եւ որոշեց, որ նորից դնում են քվեարկության: Սա զայրացրեց հատկապես ԲՀԿ-ականներին: Տիգրան Ուրիխանյանը հորդորեց հիմնավորել կրկնակի քվեարկության անհրաժեշտությունը: Ըստ Էդուարդ Շարմազանովի, 2 հոգի ԲՀԿ-ից, 6 պատգամավոր էլ ՀՀԿ-ից սխալ են քվեարկել, դրա համար պետք է նորից քվեարկեն: ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց՝ «Կարո՞ղ եք հղում անել ԱԺ կանոնակարգ օրենքում, թե որտե՞ղ կա «սխալ քվեարկություն» տերմինը»:

Շարմազանովին օգնության հասավ Գալուստ Սահակյանը. «Հղում եք ուզում՝ հղում անեմ: Նախագահողը, առավել եւս՝ ԱԺ նախագահը պիտի ապահովեն բնականոն աշխատանքը: Եթե չի աշխատել սարքավորումը, չեն քվեարկել մարդիկ, մենք նորից ենք դնում: Միեւնույն է, չի անցել օրենքը, ի՞նչ է պատահել»:

ԲՀԿ-ն պնդեց, որ վերաքվեարկություն չի ուզում:

«Չեք ուզո՞ւմ, վերաքվեարկության խնդիր չկա՝ կողմ 47, դեմ 42, ձեռնպահ՝ 3, որոշումը չի անցել: Ո՞նց է անցել»,- բղավեց Էդուարդ Շարմազանովը ու հասկանալով, որ 47 կողմով օրենքն անցնում է, մի պահ խուճապի մատնվեց, սկսեց նյարդայնացած շարժումներ անել, գրիչով հարվածել սեղանին:

Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն այս անգամ էլ չզիջեց: Հարցը դրվեց վերաքվեարկության, կողմ քվեարկեց 40, դեմ՝ 63 պատգամավոր ու օրենքը չանցավ:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Հազիվ մեկ անգամ լավ բան արեցիք՝ անմիջապես չեզոքացրեցիք: Խոսքը քաղաքակա՞ն սխալի մասին էր, թե՞ տեխնիկական: Միանգամից այդպիսի թվով պատգամավորներ սխալ կոճակներ սեղմեցի՞ն: Մարդիկ փորձառություն ունեն, գիտեն ինչպես են քվեարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930