Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. «Մենք փալաս ենք»

Սեպտեմբեր 29,2014 14:40

«Այս վերանշանակումն ինձ համար ևս մեկ մարտահրավեր է հանրությանը, որ մենք գործել ենք ձեր կարծիքներին ընդդեմ, մենք թքած ունենք հանրային տրամադրության վրա: Հասարակությունն ինչպե՞ս կարող է, և չպետք է վստահել մի իշխանության, որը բազում աղմկահարույց պատմություններում խառնված Սուրիկ Խաչատրյանին վերանշանակել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, այսպիսով` բարոյական ապտակ հասցնելով և թքած ունենալով հասարակական կարծիքի վրա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական ընտրություն» հ/կ անդամ Վահրամ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, թե «այս իշխանություններին վստահել վերպետական մարմիններին անդամակցելը առանց խորհրդարանական քննարկումների, համարում եմ անթույլատրելի»:

Ըստ Վահրամ Մարտիրոսյանի՝ «հանրաքվե» նշանակում է բոլորիս անձնական պատասխանատվությունը, հատկապես այն համատեքստում, որ «վաղը չէ մյուս օրը ձեռքով ոտքով այդ խորտակվող տնտեսությանն ենք կապված լինելու»:
Պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց, թե «Լենին, պարտիա, Գորբաչով» լոզունգներն ինչի հանգեցրին ու ասաց. «Ստացանք Գետաշենի, Շահումյանի շրջանների դատարկումը»:
Պարոն Մարտիրոսյանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու առումով պետք է հանրաքվե անցկացնել:

Կապված Պուտինին սիրաշահելու քաղաքականության հետ՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ Պուտինին ավելի լավ կարող ենք սիրաշահել, քան Ադրբեջանո՞ւմ: Թե՞ Զորի Բալայանը մտածում է, որ իր նմանները Ադրբեջանում չկան, իր նմանները Ադրբեջանում ավելի շատ են, քան Հայաստանում: Իմ հույսն այն մարդիկ են, ովքեր սիրում են ՀՀ անկախությունը»:

Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց այն, որ շուրջ երեք տարի մենք քարոզում էինք Եվրամիություն, ասոցացում ու գնահատեց. «Մենք փալաս ենք, մենք երեքուկես տարի կարող ենք բանակցել ԵՄ գնալու համար, բայց մեկ մատի շարժումով կարող ենք գնալ այլ միություն»:

Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ հոկտեմբերի 10-ից հետո գործընթացը կարող է ձգձգվել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը hասարակության շրջանում տեսնում է մի վարվելակերպ, որ արտահայտված է Միկոյանի անեկդոտի մեջ, երբ անձրևի կաթիլների արանքով գնալ ու չոր մնալ: Այս առիթով պարոն Նավասարդյանն ասաց. «Մինչև 2013-ի կեսերը բոլոր քաղաքական ուժերը հայտարարում էին, որ ԵՄ-ին այլընտրանք չկա, հիմա ԵՏՄ-ի անդառնալիության մասին են խոսում: Դա նշանակում է, որ ոչ մի կայուն բան չկա: Նույնը նշանակումները, դրանք զուտ պրագմատիկ, այսօրվա մարտահրավերներին պատասխանելու միջո՞ց են»:

Պարոն Նավասարդյանը շեշտեց, որ համակրանքը Ռուսաստանի հանդեպ չպետք է կապել երկրի զարգացման ռազմավարության հետ: Նա նկատեց, թե «Մենք չենք կարող ասել, այդ որոշմանը ՀՀ-ն ասել է այո» ու անդրադառնալով հոկտեմբերի 10-ի ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության գործընթացին, պարոն Նավասարդյանն ասաց. «Հայաստանն արդեն ասել է այո, եթե այն երեքն էլ ասեն այո, դա լինելու է: Եվրասիական միությունը չի կայանում՝ որպես այդպիսին: Եթե նախաձեռնող երկրի՝ Ղազախստանի առևտուրը մեկ տարում նվազել է մեկ քառորդով ԵՏՄ անդամ երկրների հետ, ի՞նչ ինտեգրացիոն գործընթացների մասին է խոսքը: Ռուսաստանին էլ դա պետք չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Ոչ մի արտառոց բան էլ չի պատահել, պարզապես անում են այն ինչ ցանկանում են: Սպանողին ներում են, եւ պարգեւատրում են նույնիսկ, կամ էլ հակառակն են անում: Դա նշանակում է խոսելն արդեն ավելորդ է, գործի ժամանակն է, եթե գործելու կամք կամ ունակություն դեռ կա: Եթե ոչ, ապա հարկավոր է փասա փուսեն քաշել այդ երկրից, կամ՝ լռել ու հաճույք ստանալ!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930