Aravot.am-ը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել կիրակի օրը Սիսիանում կայացած Եռյակի հանրահավաքին գրանցված միջադեպը, ըստ որի ՀՀԿ-ական երիտասարդները փորձել են խանգարել, որոշ հրապարակումների համաձայն էլ, Սիսիանի գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորն է խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը:
Նախարարն ասաց, որ Սիսիանում չկա գյուղատնտեսական ինստիտուտ, այնտեղ գործում է Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ:
Ինչ վերաբերում է Եռյակի հանրահավաքին, նրա ձեւակերպմամբ, կիրակի օրը յուրաքանչյուր ոք ազատ է իր քաղաքական հայացքներն արտահայտելու առումով, կարեւորը, որ բոլոր կողմերը չխոչընդոտեն ԶԼՄ-ների աշխատանքը եւ պահպանեն հասարակական կարգուկանոնը:
Անդրադառնալով, Եռյակի հանրահավաքին դրոշներով դպրոցահասակ երեխաների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչների ներկայությանը, Արմեն Աշոտյանը շեշտեց. «Ինձ տեղեկություններ են հասնում, որ այնտեղ, որտեղ կրթական հաստատությունների տնօրենները Եռյակի կուսակցությունների, մասնավորապես ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են, հանրահավաքային գործընթացի մեջ փորձում են ներքաշել ուսումնական հաստատությունները: Մեկ անգամ եւս զգուշացնում եմ, որ կրթական համակարգը՝ իր աշխատանքային ժամերին եւ ռեսուրսով, զե՛րծ է մնալու քաղաքական գործընթացներից: Ուզում եմ, դրա վրա հրավիրել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր չեն կարող զսպել իրենց գայթակղությունը՝ վարչական ռեսուրսներ կիրառելու առումով. համապատասխան հաստատությունների ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով: Հեռո՛ւ մնացեք կրթական համակարգից, եթե չեք կարողանում ձեր կոչերով, լոզունգներով քաղաքական դիրքորոշումներով մարդ հավաքել: Դա չի նշանակում, որ պետք է ուսումնական հաստատություններից, այնտեղ որտեղ ի վիճակի եք, մարդ բերեք»:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ հավելեց, որ պաշտոնը բացարձակ կապ չունի իրենց քաղաքական հայացքների հետ. «Եթե ոմանք ուզում են խոսել մարդու իրավունքների եւ ազատությունների մասին, թող նախ եւ առաջ բարի լինեն հարգելու այլոց քաղաքական ազատություններն ու իրավունքները»:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ծանոթ չէ ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու հետ կապված միջադեպերի մանրամասներին, որոշ տեղեկություններ կարդացել է մամուլում, եւ անթույլատրելի է համարում նման ցանկացած գործողություն, բայց նաեւ փաստում է. «Մամուլում հանդիպեցի նաեւ տեղեկությունների, որ հանրահավաքներին դպրոցահասակ երեխաներ են լինում՝ դրոշները ձեռքերին: Այստեղ, մեղմ ասած, տարակուսանքս եմ հայտնում: Երբ նման պատկերներ լինում էին ՀՀԿ-ի հանրահավաքների ժամանակ, խիստ հայտնի շրջանակների մամուլը եւ գործիչները իրենց ձայնն էին բարձրացնում նման երեւույթների դեմ, ինչո՞ւ այժմ նույն հարցը չի մատուցվում այնպես, ինչպես մատուցում էին ժամանակին մեր պարագայում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սուտ է ու զրպարտանք: Սիսիանում ոչ ոք չի խոչընդոտել հատուկ ջոկած լրատվամիջոցների գրպանային ու անվկայական «լրագրողների» աշխատանքը: Հանրահավաքի ժամանակ իսկական լրագրողն իր աշխատանքն էր կատարում իսկ մի քանի խուճուճ-մուճուճ սուբյեկտներ զբաղված էին սադրանք հրահրելով: Իսկ ագրարայինի մասնաճյուղի ռեկտորն էլ իր ուսանողների թասիբն էր պահում եռյակականներց, որոնց տեղական լիդերը հայհոյում ու սպառնում եր ծեծել տալ ուսանող աղջնակներին:
Սափրագլուխ վայ նախարարի գերնպատակը ,,մարդ հավաքելն է,, և ոչ կրթություն մատուցելը…