Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Մի փոքր «ագնոստիկ» լինելը չի խանգարի

Սեպտեմբեր 29,2014 17:00

Երբ խոսքը «քաղաքական կրոնի» մասին է

Այսօր աշխարհում կա 2,1 մլրդ քրիստոնյա, այդ թվում՝ 1,15 մլրդ կաթոլիկ, 1,3 մլրդ՝ մահմեդական, կան նաեւ այլ կրոնների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ՝ 5,5 միլիարդ հավատացյալ, իսկ 1,1 միլիարդը որեւէ կրոնի հետեւորդ չէ: Բայց հետաքրքիր է՝ աթեիստներն այդ անհավատների մեջ երեք անգամ ավելի քիչ են, քան նրանք, ովքեր իրենց անվանում են «ագնոստիկ»: Այդպիսիք շատ են հատկապես Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Եթե հակիրճ ասենք, թե ովքեր են նրանք, ապա կարող ենք արձանագրել, որ այդ մարդկանց համար Աստծո գոյության հարցը բաց է մնացել:

Այդ եզրույթը առաջին անգամ կիրառել է Չարլզ Դարվինի աշակերտ Թոմաս Հենրի Հաքսլին, որը որպես ագնոստիկ էր բնութագրում այն մարդկանց, որոնք, չհերքելով այս աշխարհի աստվածային հիմքերը, դրանք սեփական փորձով չեն կարող ընկալել եւ հենց այդ պատճառով էլ ի վիճակի չեն պնդել՝ այդ հիմքերը կա՞ն, թե՞ չկան: Եթե դուք հավատում եք միայն այն բաներին, որոնք հնարավոր է ապացուցել, ապա դուք մեծ շանսեր ունեք ագնոստիկ լինելու: Կարճ ասած՝ աթեիստը մերժում է, իսկ ագնոստիկը՝ կասկածում:
Նման՝ ագնոստիկ աշխարհայացքի պատճառների թվում մասնագետները նշում են անվստահությունը եկեղեցու նկատմամբ՝ որպես ինստիտուտի, այսպես կոչված, «քաղաքական կոռեկտության» զարգացումը, կրթության բարձր մակարդակը, գլոբալիզացիան, բոլոր կրոնական ուսմունքների հետ ծանոթանալու հնարավորությունը: Սոցիոլոգները պնդում են նաեւ՝ որքան վատ են կյանքի պայմանները, այնքան ուժեղ են մարդկանց կրոնական զգացմունքները: Իսկ ավելի բարեկեցիկ մարդիկ Աստծո հետ ավելի քիչ հույսեր են կապում:

Անձամբ ես որեւէ կասկած չունեմ Աստծո գոյության վերաբերյալ: Պատկերացրեք՝ մի տեղ խրձով գցած են հայոց այբուբենի տառերը: Կարո՞ղ է արդյոք պատահականորեն, առանց որեւէ նպատակաուղղված կամքի դրանցից իմաստալից տեքստ դուրս գալ: Հավանականության տեսությամբ անգամ դա բացառված է: Տիեզերքի գոյությունն ինձ համար արդեն իսկ բավարար ապացույց է, որ այն պատահական «պայթյուններից» չէր կարող առաջանալ: Եթե կա «ստեղծագործությունը», ապա կա նաեւ «ստեղծագործողը»:
Ես ի վիճակի եմ հասկանալ ագնոստիկներին, որոնք կասկածում են, բայց ավելի քիչ եմ հասկանում աթեիստներին, որոնք մերժում են: Որովհետեւ մերժողականությունը նույնպես կրոնի նման բան է, դոգմաներից էլ դոգմա է, որով առաջնորդվում են հավատ չունեցող մարդիկ: Դոգմատիզմն, այդպիսով, ավելի շուտ անհավատների, քան հավատացյալների հատկանիշն է: Այդպիսի դոգմաների թելադրանքի պայմաններում մենք արդեն ապրել ենք 70 տարի: «Կոմունիզմը հանդես չի գալիս կրոնի դեմ,- նախորդ դարի կեսերին գրում էր բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելը,- նա հանդես է գալիս քրիստոնեության դեմ, ինչպես, օրինակ, մահմեդականությունը: Կոմունիզմը՝ առնվազն այն ձեւով, որը հռչակվում է խորհրդային կառավարության եւ կոմունիստական կուսակցության կողմից, դոգմաների նոր համակարգ է, ընդ որում՝ առավել վտանգավոր եւ դաժան: Հետեւաբար՝ ամեն մի իսկական ագնոստիկ պետք է հանդես գա դրա դեմ»:

Կուսակցական դոգմաների համակարգը հատուկ է ոչ միայն կոմունիստներին: Իներցիայով այն շարունակում է գոյատեւել նաեւ հետխորհրդային երկրներում՝ տեղափոխվելով այլ կուսակցություններ: Ա՛յ, այստեղ մեր հասարակությանը որոշակի «ագնոստիցիզմը» չէր խանգարի: Մասնավորապես, արժե կասկածել, որ որեւէ կուսակցության «առաջնորդ» տիրապետում է տիեզերական գաղտնիքներին, եւ նրա բոլոր մտքերն ավելի արժեքավոր են, քան դելֆիական պատգամախոսի իմաստությունները:

Եվ այդ կասկածները նույնպես միանգամայն համապատասխանում են Աստվածաշնչյան ճշմարտությանը. «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորը ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոդված, որին կարելի է լիակատար համաձայնություն հայտնել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930