Այսօր վաղ առավոտից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց:
Առեւտրականները մոտ մեկ ժամ Ազգային Ժողովի դիմաց սպասելուց հետո, որոշեցին Բաղրամյան փողոցից շարժվել դեպի Դեմիրճյան փողոց, որտեղից պատգամավորները մտնում են Ազգային Ժողով:
Ցուցարարներին մուտքի մոտ դիմավորեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Պատգամավորները առեւտրականների հետ զրույցում նշեցին, որ նոր առաջարկությամբ հանդես կգան Ազգային Ժողովում. «Մենք նախապատրաստել ենք օրինագծի երկու տարբերակ: Առաջինի դեպքում հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք ցանկանում են փաստաթղթերով աշխատել, այդ տարբերակն ընտրել, կամավորության սկզբունքի դեպքում հարկը լինի 1 տոկոս: Իսկ այն մարդիկ, որոնք ցանկանում են այսօրվա գործող տարբերակով աշխատել, 3.5 տոկոս հարկ վճարեն: Մյուս կարեւոր հանգամանքն էլ այն, է, որ փաստաթղթերով լիակատար աշխատելու դեպքում փոքր եւ միջին բիզնեսի մի մասը անպայման 58 միլիոն դրամի շրջանառության շեմը գերազանցելու են, ապա բնականաբար այդ շեմը, ինչպես քառյակի 12 կետերում էր նշված, առաջարկում ենք բարձրացնել 120 միլիոնի, որպեսզի 58 միլիոնի շեմը գերազանցելու դեպքում ավելացված արժեքի տակ չընկնեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորները տեղեկացրին, որ հենց օրինագծի վերջնական մշակված տարբերակն ունենան, կխորհրդակցեն բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ կներկայացնեն կառավարությանը` Ազգային Ժողովում քննարկելու համար:
Ցուցարարները համաձայնեցին սպասել: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ իրենց կողմից առաջարկած օրենքի նախագիծը կընդունվի միայն այն դեպքում, երբ հենց իրենք` առեւտրականները ճնշում գործադրեն:
Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ այն դեպքում, եթե հոկտեմբերի մեկից ընդունվի շրջանառության հարկի մասին օրենքը, որի համաձայն, փաստաթղթավորումն ավելի խիստ կարգով է ստուգվելու, ապա միանգամից բոլոր ապրանքների թանկացում կլինի: «Եթե խոշորը ինձ հինգ դրամով է տալիս, ապա փաստաթղթով վաճառելու դեպքում 5 դրամի տեղը 10 դրամով կվաճառի»:
Մանրամասն` տեսանյութում
«Եթե մի երկրում միջին բիզնեսը վերանա, ապա իմացեք, որ դա պետություն չի: Ամենահետամնաց պետության մեջ փոքր բիզնեսով զբաղվողները համարվում են միջին մակարդակի մարդիկ, իսկ մեզ մոտ, անգամ միջին բիզնեսի ներկայացուցիչը անգամ հազի փող չի կարողանում վաստակել»:
«Նրանք ուզում են փոքր բիզնեսի միջոցով, մեծ բիզնեսին կործանել, բայց մեզնից ոչ մեկ գործ տվող չի»,- նշում են ցուցարարները:
Նշենք, որ այսօրվա ցույցի ընթացքում ոսկու շուկայից եւ Մալաթիայի շուկայից ներկայացուցիչներ չկային:
Մանրամասն` տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ