Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը Հայաստանի դերը տարածաշրջանում բարձրացնելու խնդիր է դրել»

Սեպտեմբեր 29,2014 16:30

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Միլզի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ կիսում են նաեւ Հայաստանում»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա դիտարկմամբ՝ դեսպանի թեկնածուն, արտահայտելով Ամերիկայի արտաքին քաղաքականության գերատեսչության գնահատականները, արձանագրել է, որ Հայաստանը միջազգային համընդհանուր գործող նորմերին հակառակ վարքագիծ է բռնել, որը լիովին տեղավորվում է Ռուսաստանի քաղաքական գծում:
Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ վերջերս հայտարարեց, որ Ամերիկան հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից: Դեսպանի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնում առանձնապես ոգեւորված չեն պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական կուրսով:

2-2-2
«Պարոն Միլզը ընդհանուր գնահատական է տալիս, որ Հայաստանի իշխանությունների՝ 2013 թվականի սեպտեմբերի երեքից հետո իրականացրած որոշումները մտահոգիչ են իրենց համար, բայց այդ որոշումները մեզ էլ են մտահոգում: Որպես օրինակ բերում է Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը, ՄԱԿ-ում Ղրիմի ինքնորոշման վերաբերյալ Հայաստանի քվեարկությունը: Դեսպանի թեկնածուն արձանագրում է, որ Հայաստանը տրվել է ռուսական քաղաքականության սպասարկմանը: Բայց, այնուամենայնիվ, դրանով չի ավարտում Հայաստանի հարցը, չի ասում՝ ձեր գլխի ճարը տեսեք, եթե Ռուսաստանին եք ընտրում, գնացեք Ռուսաստանի հետ էլ ապրեք: Դեսպանը գտնում է, որ Հայաստանի նման վարքագիծը պայմանավորված է երկար ժամանակ տարածաշրջանում շատ ծրագրերից Հայաստանի մեկուսացմամբ: Օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան հաղորդակցությունը»,- նկատեց պարոն Սաքունցը:

Նրա մեկնաբանմամբ՝ Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն էլ է գիտակցում, որ ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը նաեւ միջազգային կառույցների մեղքով է, որոնք նպաստեցին Հայաստանի մեկուսացման խորացմանը. «Իրենք սեփական պատասխանատվությունը տարածաշրջանի իրավիճակի համար զգում են: Հիմա փորձելու են ավելի ակտիվ քաղաքականություն իրականացնել, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը նվազի: Ամերիկյան կառավարության արտաքին քաղաքական ազդակները հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է, այդ հարաբերությունների մակարդակի բարձրացումը ամերիկյան քաղաքականության հիմնական ուղղություններից է, որը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ապառազմականացման վրա՝ ռուսական բազայի ներկայության հարցը կասկածի տակ դնելու տեսակետից»:

Անդրադառնալով Միլզի հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հատվածին, թե՝ ԱՄՆ-ը շարունակելու է ընդգծել հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացման կարեւորությունը ու ամենաբարձր մակարդակում շարունակում է ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա` արձանագրությունների վավերացմանը հասնելու համար, պարոն Սաքունցն ասաց, թե ճնշումը պետք չէ ընկալել այնպես, ինչպես Կրեմլն է ճնշում իր գործընկերներին. «Խոսքը վերաբերում է փոխադարձ պարտավորություններին, գործընկերային հարաբերությունների շրջանակներում վերցված պարտավորությունների կատարմանը: Թուրքական կողմը որոշակի պարտավորություններ վերցրել է՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պարտավորություն»:

Իրավապաշտպանի մեկնաբանմամբ՝ թուրքական կողմի արտաքին քաղաքականության որոշակի ոչ գործընկերային պահվածքը՝ Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում, խոսում է այն մասին, որ Թուրքիան խնդիրներ ունի նաեւ ԱՄՆ-ի հետ. «ԱՄՆ-ը այդ պարտավորության կատարման հարցը Թուրքիայի առջեւ կդնի, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման տեսակետից՝ առանց նախապայմանների»: Պարոն Սաքունցի համոզմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շեշտադրումը փոխվել է. նրանք խնդիր են դրել հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում բարձրացնել Հայաստանի դերը:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930