Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանվանվել է իծեռնակաբերդի մարզահամերգային համալիրի: Կարեն Դեմիրճյանի անունը կրող այս կառույցը այլեւս ուրիշ նշանակություն ունի: Համալիրի աշխատակիցներին պարտադրված է համազգեստ կրել, նրանք նշում են՝ համալիրին տրվել է զորամասի կարգավիճակ:
Համալիրի անվանափոխության մասին սեպտեմբերի 26-ին տեղեկացրեց կառույցի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր զինվորական համազգեստով: Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ Կարեն Դեմիրճյանի անունը կպահպանվի, բայց այդպես չեղավ:
«Առավոտի» հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով կատարվածին, հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Եթե համալիրը տվել են պաշտպանության նախարարությանը, պարզ է, որ պետք է զորամասի կարգավիճակով աշխատեին: Դեռ այն ժամանակ, երբ համալիրը կառուցվում էր, ես շատ վատ էի ընկալում այն փաստը, որ Ծիծեռնակաբերդում պետք է նման կառույց լինի: Որովհետեւ այնտեղ գտնվում է Եղեռնի զոհերի հուշարձանը, այնտեղ ընդհանրապես պետք է սրբավայր լիներ, եւ չէր կարելի նման բան կառուցել: Ասեմ ավելին՝ ես համոզված եմ, որ այդ մարզահամերգային համալիրը երբեք ոչ մի ձեւով իրեն չի արդարացնի՝ ուզում է բանակին պատկանել, մշակույթի նախարարությանը կամ ինչ-որ օլիգարխի»:
Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխությանը, ապա Ռուբեն Բաբայանը գտնում է. «Որոշումը սխալ է, որովհետեւ բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում՝ եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե ինչու: Ի վերջո՝ Կարեն Դեմիրճյանը ոչ Բերիան էր, ոչ էլ Միկոյանը: Չնայած միգուցե Միկոյանի անունով լիներ, թողնեին նույնը: Բոլոր դեպքերում պետք էր գոնե հարցում անցկացնել, տեսնել՝ մարդիկ ուզո՞ւմ են անվանափոխել, թե՞ ոչ, կամ անվանել Ցեղասպանության հուշարձանին կից մարզահամերգային համալիր: Ծիծեռնակաբերդ անունը մեզ մոտ միշտ կապված է այդ հուշարձանի հետ, եւ բերել ուրիշ կառույց կապել դրա հետ՝ այդքան էլ ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փաստաթղթերով համալիրի շենքը պատկանում է ֆինանսների նախարարությանը, սակայն շահագործում է ՊՆ-ն, իսկ կառույցի մամուլի պատասխանատուն վստահ է, որ անկախ այդ հանգամանքներից՝ «այնտեղ քեֆեր կանի արդարադատության նախարարությունը»: Ավելացնենք նաեւ, որ կատարվածի վերաբերյալ pressident.am կայքը կապ էր հաստատել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ, որն էլ նախ վրդովվել է՝ տեղեկանալով անվանափոխության մասին, ապա նշել, որ ո՛չ բարոյական իրավունք ունեն նման բան անելու, ո՛չ էլ օրենքով: Տիկին Դեմիրճյանի խոսքով՝ ինքը պայքարելու է: Նա վստահեցրել է, որ նախ կուսումնասիրի փաստաթղթերը: Հիշեցնենք նաեւ, որ մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը հայտնել էր, որ Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի որպես երկրորդ անվանում նշված է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2014