Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակմանը: Նա ասաց, որ մեկ տարի առաջ ԱԺ դահլիճում փաստեր է հրապարակել, ըստ որի Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետ նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին. «Հիմնավորել եմ նաեւ, որ ներկա դատախազ, նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է փաստերը: Այդ ամենը լայնորեն հայտնի է հանրությանը: Մամուլի էջերում, սոցցանցերում արմատացած է համոզմունքը, որ Սուրիկ Խաչատրյանի կատարած սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակում: Մամուլում հրապարակումներ են եղել Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների կատարած լկտի գործողությունների մասին: Ու այդքանից հետո ձեր կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակում է Սյունիքի մարզպետ»:
Նիկոլ Փաշինյանը, որպես իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, Գալուստ Սահակյանին հարցրեց. «Ի՞նչ եք ուզում այդ ամենով ասել՝ սյունեցիներից մեկին ոչնչացրածին վերստին նշանակելով մարզպետ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք նրան կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունիքում, Հայաստանի այլ տարածքներում սպանություններ եւ այլ լկտիություններ անելու արտոնագիր»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա օրակարգի հետ կապ չունի, բայց որ ասել եք՝ ասեմ: Երբ կկարողանանք ԱԺ-ին լիազորություններ տալ դատաիրավական, քննչական գործողությունների, այդ հարցը կարող եք հղել ԱԺ-ին: Իսկ եթե հնչեցնում եք ժողովուրդը լսելու համար՝ արդեն իսկ հնչեցրեցիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ www.a1plus.am-ի
Ճիշտ է ասում Գալուստ պապը – որ ասեն, թե ինչ ասի՝ ինքն էլ կասի: Իսկ որ չեն ասել, ինքն ինչ կարա ասի?