Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի կոնվենցիան վերջանում է, երբ սկսվում է ՀՀ չինովնիկի շահը

Սեպտեմբեր 29,2014 15:00

Ճակատագրով՝ փախստական, կարգավիճակով՝
ՀՀ քաղաքացի Լալաբեկովների ընտանիքը դրսում հայտնվելու վտանգի տակ է

Մեծ պատրաստակամությամբ ՄԱԿ-ի հազար ու մի կոնվենցիաները, այդ թվում եւ՝ փախստականների իրավունքների մասին, վավերացրած մեր երկիրը նույն պատրաստակամությամբ, սակայն, չի կարողանում դրանք կյանքի կոչել:
Երբ հերթը հասնում է չինովնիկների անձնական շահերին, ՄԱԿ-ի կոնվենցիաներն իրենց ուժով հավասարվում են զրոյի:

Լալաբեկովների ընտանիքը, որը հայ շատ ընտանիքների նման 1988 թվականին Բաքվի ջարդերից մի կերպ «դափ-դատարկ» տեղափոխվել է Հայաստան ու բնակություն հաստատել Աբովյանի քարուքանդ հանրակացարաններից մեկում, դրսում հայտնվելու սպառնալիքի տակ է: Ողբերգությունից դեռ ուշքի չեկած՝ այս մարդիկ, երեխաներով հանդերձ, նոր փորձության առաջ են կանգնելու: Բանն այն է, որ այս փախստական ընտանիքի սենյակը Աբովյանի քաղաքապետարանը գաղտնի վաճառել է, հիմա էլ ընտանիքին ստիպում են հանրակացարանը լքել: Ճիշտ է, որպես փախստական այս ընտանիքին պետությունը՝ բնակարան գնելու համար, 32 հազար դոլարին համարժեք գումարի հավաստագիր է տրամադրել, սակայն ընտանիքի առաջ դրած սահմանափակ ժամկետը, որի մեջ պետք է տեղավորվեր Լալաբեկովների ընտանիքը, թույլ չի տվել, որպեսզի նրանք հարմար բնակարան գտնեն: Վեց ամսվա ընթացքում, որը պայմանագրով տունը գնելու ֆիքսված ժամկետն էր, ընտանիքը կարողացել է Արզնի գյուղում 19 հազար դոլարով մի հողաշեն տուն գնել, սակայն քանի որ հասկացել է, որ թեթեւ երկրաշարժից անգամ կարող է այդ տունը քանդվել, քանի որ հին է եղել եւ վթարային, Լալաբեկովները որոշել են հին տունը քանդել եւ նոր տուն կառուցել, որտեղ կապրեն երկու ընտանիքներով: Տարիների ընթացքում Լալաբեկովների ընտանիքը մեծացել է եւ դարձել երկու առանձին ընտանիք, սակայն պետությունն այս փաստը անտեսել է եւ բնակարանի գնման վկայագիր հատկացրել միայն մեկ ընտանիքի հաշվով:

Մինչ ընտանիքը փորձել է նոր տունը կառուցելու ճար տեսնել, շինանյութի գները կտրուկ թանկացել են, եւ փախստական ընտանիքը ձեռքին մնացած գումարով միայն կարողացել է տան պատերը կանգնեցնել:

«Առավոտի» հետ զրույցում 64-ամյա Լուսյա Լալաբեկովան պատմեց. «Մենք դեկտեմբերի 3-ին Բաքվից եկանք, մեր հարազատներին տարան Կիրովական, մեզ էլ Սպիտակ քաղաք պետք է տանեին, բայց մնացինք Երեւանում, ու չանցած մեկ շաբաթ՝ երկրաշարժից մեր հարազատները մահացան, եւ մենք էլ չտեղափոխվեցինք՝ մնացինք Երեւանում: Վարձով բնակվում էինք Երեւանում մինչեւ 1991 թվականը, որից հետո մեզ տեղափոխեցին Աբովյանի էներգետիկական քոլեջի հանրակացարան, եւ մինչ օրս կյանքի փորձությունները մեզ համար դեռ շարունակվում են»:

Ընտանիքի բոլոր անդամներով ապրելով հանրակացարանի 5-րդ հարկի 519 սենյակում՝ տիկին Լուսյայի աղջիկներից մեկը՝ Թամարան, գնում է հանրակացարանի նույն հարկի 528 սենյակը եւ ընտանիքով տեղափոխվում այնտեղ:

Տիկին Լուսյայի խոսքերով. «Դեռ տանիքը չկառուցած՝ գումարը վերջացավ, եւ չկարողացանք ավարտին հասցնել տան շինարարությունը: Դա էլ էր մեր դաժան բախտից, որ շինանյութը թանկացավ»:

Քանի որ այս փախստական ընտանիքին բնակարան գնելու հավաստագիր է տրվել, նրանց կարգավիճակը փոխվել է՝ փախստականից դառնալով ՀՀ քաղաքացի:

«Դե, որ չկարողացանք տեղափոխվել նոր բնակարան, քաղաքացիություն ստանալուց հետո գրանցվեցինք հանրակացարանի մեր սենյակներում՝ մինչեւ մեր նոր տան հարցը կարգավորվեր, բայց չսեփականաշնորհեցինք մեր սենյակը: Ով ասես՝ այդ հանրակացարանում մի քանի սենյակ սեփականաշնորհեց, բայց ինձ իմ առած սենյակը թույլ չտվեցին սեփականաշնորհել»,- պատմեց տիկին Լուսյայի աղջիկը՝ Թամարան:
Եվ մի օր ընտանիքն անակնկալի է գալիս, երբ Աբովյանի քաղաքապետարանից հայտնում են, որ 519 սենյակը, որտեղ բնակվում է տիկին Լուսյան իր մյուս աղջկա հետ, պետք է լքեն, քանի որ այն սեփականաշնորհված ու վաճառված է:

Տիկին Լուսյան պատմում է, որ առանց իրենց իմացության են սենյակը հանել աճուրդի եւ իրականացրել սենյակի առքուվաճառքը. «Շատ զարմացա, երբ իմացա, որ սենյակս հենց մեր մտերիմ հարեւանն էր գնել: Գոնե նախօրոք իմանայինք»:

Դրսում հայտնվելու մտավախությամբ, երբ Լալաբեկովաները դիմել են Աբովյանի քաղաքապետարան, նրանց հայտնել են, որ «ձեզ արդեն պետությունը նոր բնակարանի գումար է տրամադրել, եւ դուք պետք է լքեք հանրակացարանի սենյակը»:

Տիկին Լուսյայի խոսքերով. «Երբ իմացանք քաղաքապետարանի որոշման մասին, դիմեցինք փախստականների հարցերով զբաղվող Էլեոնորա Ասատրյանին՝ խնդրանքով, որ ինքն էլ իր հերթին դիմի քաղաքապետարան, որ ընդառաջեն մեզ՝ այնքան ժամանակ բնակվել հանրակացարանի սենյակում, մինչեւ որ մեր տունը կկառուցենք կամ կվաճառենք եւ այլ տուն կգնենք: Սակայն Էլեոնորա Ասատրյանին Աբովյանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Լալաբեկովաների ընտանիքին նույն հանրակացարանի առաջին հարկում տրամադրել են ժամանակավոր սենյակ, բայց մենք հրաժարվել ենք: Դուք պետք է տեսնեք՝ ինչ սենյակ են մեզ առաջարկում, որը ոչ միայն վթարային է, այլեւ այդտեղով ամբողջ կոյուղու խողովակներն են անցնում, եւ ինչքան վնասվել են այդ խողովակները, այնքան ամբողջ կեղտը սենյակ է լցվել: Այդպիսի սենյակում ինչպե՞ս ապրենք: Այդ սենյակում մարդ կա գրանցված ու երբեք չի բնակվել»:

Լուսյա Լալաբեկովան թոշակառու է եւ կեցությունն ապահովում է մի քանի տեղ մաքրություն անելով: «Մեր տանն էլ միայն ամուսինս՝ Շաքրոն է աշխատում՝ շինարարության վրա, նա նաեւ արցախյան հերոսամարտիկ է, ունի մի շարք պատվոգրեր ու շնորհակալագրեր: Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ եւ ունեմ երկու անչափահաս երեխա: Դժվար է այդ չնչին աշխատավարձով ապրել ու տան շինարարությունը վերջացնել: Արդեն քանի տարի է՝ վաճառքի հայտարարություն ենք տալիս, բայց կիսակառույց է՝ գնորդ չկա»,- ասաց Թամարա Լալաբեկյանը:

Փախստական, սակայն կարգավիճակով արդեն ՀՀ քաղաքացի այս ընտանիքն այս օրերին շունչը պահած սպասում է հոկտեմբերի 15-ին հանրակացարանի սենյակը լքելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930