Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշը վախենում է, որ ավելի մեծ գին կարող է վճարել

Սեպտեմբեր 29,2014 14:30

Նախօրեին առեւտրականների սեղանները ջարդուփշուր անելով՝ Վաղարշ Աբրահամյանը հույսեր է փայփայում, թե իշխանություններն իրեն «քաղցր աչքով» կնայեն:

VaxarshՈսկու շուկայի առեւտրականների սեղանները նույն շուկայի տիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի կողմից աքացիներով ջարդուփշուր անելը ոչ այլ ինչ էր, քան խուլիգանություն: Սակայն նրա արարքի գնահատականը թողնենք իրավապահներին:
Ինչո՞ւ Վաղարշն այս անգամ ի տես բոլորի փորձեց ցույց տալ իր նվիրվածությունն ու հավատարմությունը իշխանություններին՝ ստորացնելով ու վնասելով իրենից տարածք վարձակալող առեւտրականներին: Նրանց, որոնք տասնյակ տարիներ այդ շուկայում առեւտուր են անում եւ տարածքի համար մեծ գումարներ վճարելով՝ հարստացնում այս շուկայի տիրոջը: Հատկապես, որ ոսկու շուկայի առեւտրականներն առաջին անգամը չէ, որ հարկային փոփոխությունների հետ կապված իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:
Տեսանյութերից պարզ երեւում է, որ Վաղարշ Աբրահամյանը սիրով թույլ էր տալիս, որ իր անմարդկային արարքը նկարահանվի եւ որտեղ որ պետքն է՝ հասնի:

Բանն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ հարկայինը որոշել էր ոսկու շուկայում նույնպես ՀԴՄ սարքեր տեղադրել՝ շուկան ստվերից հանելու նպատակով, բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին ընդդեմ կառավարության: Ոսկերիչների խոսքերով՝ շուկայի սեփականատերը՝ Վաղարշ Աբրահամյանը, հենց ինքն էր շուկայի աշխատակիցներին դրդում ու հրահրում կառավարության առաջ բողոքելու: Այդ ժամանակ առեւտրականները հասան իրենց նպատակին՝ որոշ ժամանակով հետաձգելով հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրումը:

Վաղարշի ընդհատակյա գործունեությունից տեղյակ կառավարության չինովնիկները, սակայն, այս ամենը կուլ չտվեցին եւ կարճ ժամանակ չանցած՝ տարբեր տեսչական մարմինների՝ էկոնոմիկայի նախարարության, հակահրդեհային ու հարկային ծառայության միջոցով մեծածավալ ստուգումներ սկսեցին «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում: Ստուգող մարմինները «ջրի երես» հանեցին շուկայի սեփականատիրոջ կատարած տարատեսակ՝ ոսկու հարգորոշման խախտումներից սկսած, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության խախտումներով վերջացրած, խնդիրները՝ ոսկու շուկային տուգանելով 95 միլիոն դրամով: Ճիշտ է, ավելի ուշ Վաղարշ Աբրահամյանն այդ գումարները հետ բերելու ձեւը գտավ եւ համատարած գնաճի ու աղքատության պայմաններում, առանց աչքը թարթելու, արտադրամասերի եւ ոսկու առեւտրի սրահի սեղանների տեղի վարձը բարձրացրեց, սակայն այս անգամ շուկայի սեփականատերն այլեւս նման ռիսկի չի դիմի, քանի որ ոսկու շուկայի առեւտրականների՝ կառավարության դեմ ընդվզումները չզսպելու դեպքում Վաղարշը մտավախություն ունի, որ կարող է ավելի մեծ գին վճարել:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930