Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի նշանակման ու սահմանադրական բարեփոխումների կապը

Սեպտեմբեր 29,2014 12:04

«Հանրության 35 տոկոսը կողմ է նախագահական, 31 տոկոսը՝ խորհրդարանական, 9 տոկոսը՝ կիսանախագահական համակարգին, 8 տոկոսն առաջարկել է միապետության կառավարման համակարգը»,- այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը ներկայացրեց՝ 1300 հոգու շրջանում իրականացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում են ՀՀ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին:Հարցումն իրականացվել է օգոստոս ամսին Երևանում և մարզերում:

Հարցին՝ «սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞», Aravot.am-ի հետ զրույցում ծրագրի սոցիոլոգ Լիանա Բալյանն ասաց. «Հարցվածների 60.1 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտություն չկա, 25,4 տոկոսը անհրաժեշտություն տեսնում է: Հարցվածների 18 տոկոսը վստահում է գործընթացին, 81.5 տոկոսը պատասխանել են, որ չեն վստահում»:

Ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը կարևորեց այն, որ ընտրությունների լեգիտիմությունը չապահովվի, ապա սահմանադրական բարեփոխումները ոչ մի արդյունք չեն ունենա: Նա մանրամասնեց. «Հակառակ դեպքում խորհրդարանական համակարգը կրկին կտանի միապետության: Եթե նորից պետական մարմիններին քաղական ուժերը չզսպեն, ոչինչ չի ստացվի: Պարտադիր կուտակայինի օրինակը մեր առջև դրված է: Սա կարող է տեղի ունենալ նաև նոր սահմանադրության համակարգում»:

Aravot.am-ը ծրագրի ղեկավար, APR Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ հետազոտության արդյունքները ներկայացվե՞լ են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և ինչպիսի՞ն էր արձագանք, պարոն Սարգսյանը պատասխանեց, թե ներկայացվել են, բայց դեռ արձագանքներ չկան:

Մեր հարցին՝ հանրությունն առանձնապես շահագրգռված չէ սահմանադրական բարեփոխումներին, քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ ևս, ուստի հնարավո՞ր է գործընթացը շարունակելու դեպքում հասարակական լուրջ ընդվզման առաջ կանգնենք, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Միգուցե, եթե ավելի լավ արվեր իրազեկումը, հասարակական կարծիքն այլ լիներ: Մեր երկրում նիհիլիզմ է տիրում, հուսահատություն, Սյունիքի մարզպետի նշանակումն ավելի խորացրեց այդ տրամադրությունները ու եթե նման նշանակումները շարունակվեն, կարող են հասարակական լուրջ ընդվզումներ լինեն»:

Հարցին՝ արդյոք սահմանադրական բարեփոխումներով լուծվում է իշխանության վերարտադրման խնդի՞րը, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ցանկացած բարեփոխում էլ կարող է ուղղված լինել այդ խնդրին, իշխանությունը հասկանում է, որ ճգնաժամի մեջ է և փորձում է երկիրը ճգնաժամից դուրս բերել: Եթե ընդդիմությունը որևէ այլ պատճառ բերեր՝ բացի այն, որ իշխանությունն ուզում է վերարտադրվել, կհավատային: Ուստի Ձեր հարցին՝ և այո, և ոչ, կարող եմ պատասխանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930