Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ճանաչեցի ինձ «Առավոտում»

Սեպտեմբեր 29,2014 13:30

Հասմիկ Բուդաղյանը հիշում է «Առավոտում» անցկացրած իր տարիները

Հասմիկ Բուդաղյանն «Առավոտում» հայտնվել է, երբ դեռ չէր ավարտել համալսարանը։ Լրագրող դառնալու մասին երբեք չէր մտածել. կարծել էր՝ իր բնավորությունը համապատասխան չէ լրագրողի մասնագիտությանը։ Որոշել էր լեզվաբան դառնալ, բայց քույրը՝ առավոտցի Լիլիթ Ավագյանը, նրան խորհուրդ էր տվել գրել «Առավոտի» համար, ինքն էլ փորձել էր՝ այդ պահին չկասկածելով անգամ, որ հետագայում իր ճանապարհը մշտապես իրեն «Առավոտ» է տանելու:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ զրուցել ենք a1plus.am կայքի խմբագիր Հասմիկ Բուդաղյանի հետ:

«Քույրս՝ Լիլիթը, ինձ ծանոթացրեց Վասակ Դարբինյանի հետ, որը «Առավոտի» փոխխմբագիրն էր: Մի անգամ միասին գնացինք Վասակի մոտ, ես հետս վերցրել էի մի հոդված, մայրաքաղաքի արձանների մասին էր այդ հոդվածը, ու այդ մի հոդվածով ես ընդունվեցի «Առավոտ» աշխատանքի: Չեմ կարծում, որ այդ հոդվածի մեջ իմ ամբողջ տաղանդը, կարողություններն ամփոփված էին. չգիտեմ՝ սիրուն աչքերի՞ս, թե՞ սիրուն ձեռագրիս համար Վասակը միանգամից ինձ վստահեց ու ներկայացրեց Արամ Աբրահամյանին, որը նույնպես վստահելով Վասակին՝ ընդունեց ինձ աշխատանքի»,- հիշում է մեր զրուցակիցը:

Օրաթերթում աշխատելու տարիները նշանակալից են Հասմիկ Բուդաղյանի համար. այստեղ նա ծանոթացավ մարդկանց հետ, ովքեր մշտապես կարեւոր դեր խաղացին նրա կյանքում. «Փոխխմբագիր Վասակ Դարբինյանը, որ ծայրահեղ գրագետ է. նա ինձ սովորեցրեց նույնիսկ սեւագրում ստորակետը ճիշտ տեղում դնել, խմբագիր Արամ Աբրահամյանը, որը մարդկանց վստահելու մեծ կարողություն ուներ եւ երբեք թույլ չէր տալիս ինտրիգներ աշխատավայրում, իսկ կարգուկանոնն առաջին տեղում էր, քաղաքական լրագրողներն էին իմ աչքի առջեւ՝ Աննան Իսրայելյան, Արմենը Զաքարյան եւ շատ -շատերը»:

Պատմում է, որ աշխատանքի ընդունվեց «Առավոտի» վերաբացվելու հետ՝ 1997 թվականին՝ համալրելով նոր, թարմ կադրերի շարքը:

Նա առաջինն էր խմբագրությունում, որ ամուսնացավ, երեխա ունեցավ: «Արամ Աբրահամյանը շատ ծանր էր տանում այդ փաստը,- ասում է նա ու ժպտում։- Մի պահ կար, որ խնդիրներ եղան թերթում, ու ես չէի կարող վերադառնալ ֆիզարձակուրդից։ Այդ ժամանակ էլ ինձ իրենց թիմ վերցրին Աննան Իսրայելյան եւ Վասակը Դարբինյան՝ երեքով հաղորդում արեցինք՝ «Օրվա մամուլը», արդեն այլ վայրում. նախ՝ «Արմենիա»-ում, հետո՝ «Ա1+»-ում: Աննան Օրվա մամուլն էր, Վասակը՝ պապուլը, ես՝ բալուլը: Երեքով երկու տարի աշխատեցինք, մինչեւ որ փակվեց «Ա1+»-ը: Ու նորից ինձ ճակատագիրը բերեց «Առավոտ»։

«Առավոտ» վերադառնալը Նաիրա Հովհաննիսյանի շնորհիվ էր։ Նաիրա Հովհաննիսյանն ամուսնացավ, իր գործը վստահեց ինձ: Ինքը կրթության բաժնի պատասխանատուն էր, ինձ համար մեծ պատասխանատվություն էր այդ գործը ինձ վրա վերցնելը, ես պետք է արդարացնեի Նաիրայի հույսերը, որովհետեւ ինքը շատ-շա՜տ բծախնդրությամբ էր վերաբերվում իր աշխատանքին»,- պատմում է Հասմիկ Բուդաղյանը։

Խմբագրության աշխատանքային առօրյայից հիշում է, թե ինչպես էր պարոն Աբրահամյանը ժամանակ առ ժամանակ լրագրողների համար կանոններ գրում, փակցնում պատերին, «որ մենք չմոռանայինք. պետք է պահպանեինք հավասարակշռություն ցանկացած հոդվածում, պետք չէր մեր մեկնաբանությունը խցկել, մեր կարծիքը ընթերցողին պարտադրել»:

Հասմիկ Բուդաղյանը կարեւորում է, որ Արամ Աբրահամյանը երբեմն նրանց հանձնարարում էր այնպիսի աշխատանք, որոնց իրենք պատրաստ չէին՝ այդպես նրանց թրծելով. «Մի անգամ Աննան չէր կարող գնալ Երկրապահների համագումարին: Չգիտես ինչու, պարոն Աբրահամյանն ինձ վստահեց այդ գործը: Համագումարից հետո պետք է ճաշկերույթ լիներ։ Վազգեն Սարգսյանն անձամբ էր ընդունում բոլոր հյուրերին: Հուզմունքս գագաթնակետին էր հասել. Վազգեն Սարգսյանը բաժակը խփեց իմ բաժակին, ավելին՝ վերջում նա հրամայեց, որ կին լրագրողներին ծաղիկներ բերեն: Ու ես Վազգեն Սարգսյանի նվիրած ծաղիկները բռնած՝ յոթերորդ երկնքով գալիս եմ խմբագրություն, ու երբ որ այդ «փոշին» իմ վրայից թոթափեցի, հասկացա, որ լրագրողը չպետք է որեւէ պաշտոնյայի հետ սեղան նստի: Հացը, սեղանը պարտավորեցնող է, եւ դու կորցնում ես իրականության զգացումը: Հեռավորությունը պետք է պահել»։

Հասմիկն իր գործունեության տարիներից հիշում է մի դեպք, երբ ընկել էր «քաղմաս».
«Ոչ պետական բուհերից մեկի մասին հետաքննական հոդվածաշար էի հրապարակել, եւ բացահայտել, որ բուհն արտասահմանցի ուսանողներ է պահում, բայց նրանց համար գրականություն, ծրագիր չունի։ Ինձ զրպարտության մեջ էր մեղադրում բուհի ռեկտորը, եւ կանչվեցի Կենտրոնի ոստիկանություն։ Ունեի բոլոր կողմերից անհրաժեշտ ձայնագրությունները։ Պրն Աբրահամյանն էլ ասաց՝ դե ձեւական բան է, մի քանի հարց կտան, կթողնեն……ոստիկաններն ինձ տալիս էին բազմաթիվ հարցեր՝ չորս կողմից, ինչ-որ անուններ, որոնք ինձ անծանոթ էին, ես պետք է չշփոթվեի, այլապես հնարավոր էր՝ ինչ-որ պատահական մեկի վրա գործ բացվեր, ես դիմադրում էի։ Հետո ինձ տարան ոստիկանապետի՝ Հովհաննես Թամամյանի մոտ։ Նա սարսափազդու մարդու համբավ ուներ։ Ես տարօրինակորեն հանգիստ էի, երբ նստել էի նրա առաջ։ Իսկ մի ոստիկան նորից կանգնած քրթմնջում էր։ Ինչ-որ Նարեկի անուն էր տալիս։ Իմ հերոսների մեջ բացառապես հնդիկներ ու արաբներ էին, ի՞նչ Նարեկ։ Խնդրեցի «անջատել» նրան։ Անջատվեց։ Մեր խոսակցությունը կտրուկ հունը փոխեց։ Հովհաննես Թամամյանը նկարների խուրձ գցեց սեղանին եւ ասաց, որ իրեն է նկարել իմ գործընկերներից մեկը։ Նրան ակնհայտորեն դուր էր եկել ուշադրությունն իր հանդեպ։ Հետո հարցրեց՝ Լիլիթին ճանաչո՞ւմ ես։ Ասացի՝ շատ Լիլիթ կա, ո՞ր մեկին։ Ասաց՝ քո կարծիքով նրանցից ո՞վ է ինձ սիրում։ Ասացի՝ ինձ թվում է՝ ոչ ոք… Նա ժպտաց ու խոսակցությունն ավարտվեց։ Ինձ նորից իջեցրին նեղ միջանցքներով ներքեւ, որպեսզի շարունակեի գրել։ Երբ հերթական անտեղյակ հարցը հնչեց՝ ինձ հունից հանելու համար, ես գրիչը դրեցի սեղանին ու հայտարարեցի, որ ոչինչ էլ չեմ գրելու, հաջողություն ձեզ։ Ու գնացի։ Ես, փաստորեն, իմ ուժերով դուրս եկա քաղմասից… Ես ինձ այդպիսին չէի ճանաչում»։

Այլեւս Հասմիկին ոչ ոք չանհանգստացրեց, իսկ մի քանի օրից բուհը բողոքը հետ վերցրեց։ Այդ նույն օրը, ինչ-որ զուգադիպությամբ, Հասմիկին ՄԱԿ-ը մրցանակ շնորհեց այդ հոդվածաշարի համար։

Լրագրողական կյանքում, ըստ Հասմիկ Բուդաղյանի, միշտ պետք է զգույշ լինել՝ չվիրավորել, չվնասել մարդկանց՝ միեւնույն ժամանակ տուրք չտալով էմոցիաներին: Սա ասելիս հիշում է մի հրապարակման պատմություն. «Իմ՝ կրթության թեմաներով գրելու շրջանը զուգադիպեց բուհական խորհուրդների ձեւավորման հետ։ Բուհերը ՊՈԱԿ-ներ էին դառնում, եւ թոշակի տարիքի ռեկտորները պետք է հրաժեշտ տային իրենց աթոռներին: Պաշտոնատար անձանցից մեկի հետ հարցազրույց արեցի, նա իր խոսքում նշեց. «Կան ռեկտորներ, որ կառչած են իրենց աթոռներից, իրենց թվում է՝ հավերժ պետք է մնան այդ աթոռին»: Ինձ թվում էր՝ ընթերցողների մեծ մասը հասկացավ՝ խոսքը ում էր վերաբերում, բայց, ցավոք, հաջորդ օրը կատարվեց ամենաանցանկալին: Ես տեսա մեր թերթի առաջին էջում լուր՝ Սոս Սարգսյանը հրաժարական տվեց Թատերականի ռեկտորի պաշտոնից՝ այսպիսի արտահայտություն անելով՝ «Ես կառչած չեմ իմ աթոռից»: Երբեմն դու ակամա ես «նեղացնում» մարդկանց, դա անխուսափելի է այս մասնագիտության մեջ»։

Հասմիկ Բուդաղյանը պատմում է, որ «Առավոտից» դուրս եկավ երկրորդ ֆիզարձակուրդից հետո, այնուհետեւ այլեւս ակտիվ լրագրությամբ զբաղվելու ցանկություն չունեցավ՝ սպառված էր զգում։

Ի վերջո, ո՞ր տեղում է այս պահին «Առավոտը» նրա կյանքում:

«Ընդհանրապես շատ լավ է, որ մարդու կյանքում մի տեղ կա, որտեղ ինքը կարող է փախչել։ Ինձ համար այդ տեղը «Առավոտն» է: Ես փախչում եմ «Առավոտ», երբ ուրախ եմ եւ ես փախչում եմ «Առավոտ», երբ տխուր եմ»,- ասում է Հասմիկ Բուդաղյանը:
Այժմ արդեն նա «Առավոտին» մրցակից լրատվամիջոցի խմբագիրներից է: Ասում է, որ մրցակցությունը շատ առողջ է, եւ «Առավոտից» հրապարակումներ «Ա1+»-ում առավել հաճախ են հայտնվում, քան այլ լրատվամիջոցներից: «Ու հենց որեւէ նյութ եմ վերցնում «Առավոտից», երեխեքն ասում են՝ էլի հորանցդ տնից գողացար-բերեցի՞ր»,- ժպտում է նա:

20-ամյա «Առավոտին» նա ցանկանում է, որ խմբագրությունը շարունակի «ձգել» լավ մարդկանց, այդ բացառիկ հատկությունը չկորցնի: «Պատահական մարդիկ չեն հայտնվում «Առավոտում»,- ասում է նա ու շտապում առավոտցի իր ընկերների հետ հանդիպման:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930