Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ Նյու Յորք նկարեմ, Երեւան կստացվի»

Սեպտեմբեր 29,2014 13:00

Քաջազի արվեստը ջերմ է, գունառատ, յուրատիպ եւ ի վերջո՝ խիստ հայկական: Նրա բոլոր ժանրերի գործերում էլ` բնանկարներում, դիմանկարներում եւ նատյուրմորտներում թաքնված են հայն ու Հայաստանը: «Եթե նույնիսկ Նյու Յորք նկարեմ, Երեւան կստացվի, եթե ամերիկացի նկարեմ, հայ կստացվի…»,- մի առիթով ասել է Քաջազը: Գեղանկարիչ եւ գրաֆիկ Քաջազը` Քաջազունի Քեչեճյանը, որն արդեն 10 տարի է՝ մեզ հետ չէ, եզակի այն արվեստագետներից է, որի տաղանդը բացահայտվել է միայն հայրենիքում. կարծես հայրենի հողի առաքելությունն էր նրան մտքի թռիչք ու հոգու խոր ապրումներ տալը: Ինքնուս նկարիչը ծնվել է 1924 թ. Բեյրութում, ապա 1947 թ. հայրենադարձվել Երեւան: Տաղանդավոր եւ բազմավաստակ Քաջազը սկսեց աշխատել տեղի տպարաններից մեկում` որպես լուսափորագրիչ: Մինչ այդ՝ ծննդավայրում սկսել էր գործունեությունը գրականության ասպարեզում: Այստեղ տարիներ շարունակ նրա ձեռքի տակով են անցնում հայ գեղանկարիչների գործերի վերատպությունները: Հաճախ էլ գունավոր տպագրության համար նրա աշխատասենյակում էին հայտնվում կտավների բնօրինակները: Գուցե եւ պատճառներից մեկը սա եղավ, որ նրա մեջ արթնացավ թաքնված տաղանդը: 1958 թ. նկարեց առաջին անգամ եւ այլեւս վրձինը վայր չդրեց:

Անմիջապես մեկ տարի անց ներկայացավ հանրությանը` Երեւանում, հետագայում նաեւ Լատվիայում, Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Քաջազի նկարչական առաջին ստեղծագործություններին ծանոթացել է գեղանկարիչ Հարություն Կալենցը, սակայն նրա տաղանդը բացահայտելուն եւ զարգացնելուն նպաստել է քանդակագործ Երվանդ Քոչարը, ով իր հուշերում գրում է. «Քաջազն իր աշխարհ գալուց ավելի առաջ է ծնվել եւ իր մեջ ամփոփել է հին հայկական արվեստի ոգին, հայ արվեստի հատկանիշները, նրա էական եւ անկրկնելի արժանիքները»: Քաջազի արվեստում իրար են ձուլված գույնը, ձեւը, բովանդակությունը, նաեւ ներդաշնակորեն այս ամենին են միացել նրա մտքերը, զգացմունքները եւ նկարչի ինքնավստահությունը: Այդ գործերում հաճախ կտեսնենք հայկական ձեռագործեր, գյուղական տարաբնույթ տեսարաններ («Օրորոցի մոտ», «Փոքրիկ երաժիշտը», «Բուրդ մանող կինը», «Հովվերգություն» եւ այլն), նաեւ հայկական ճարտարապետական կոթողներ կամ որոշակի մանրամասներ, հայ մեծերին` Կոմիտաս, Չարենց, Փափազյան…: Նրա ստեղծագործության ամենացայտուն առանձնահատկությունն այն է, որ կտավներն առաջին հայացքից խճանկարի տպավորություն են գործում: Քաջազը վրձնելու այնպիսի ոճ է կիրառել, որ քիչ ենք հանդիպում հայ արվեստում: Նկարչի սիրած կարմիր, դեղին, կապույտ վառ գունածավալները, որոնք համեմված են սեւ կետագծերով, տուֆակերտ շարվածքի տպավորություն են ստեղծում: Դիտելով գեղանկարչի արվեստը, համոզվում ենք, որ այս ձեւամտածողությունը նրա ձեռագրին խորհրդավորություն է հաղորդել: Քաջազունի Քեչեճյանն իր ստեղծագործական կյանքի գերակշիռ մասն անցկացրեց հայրենիքից դուրս` հեռավոր ԱՄՆ-ում, բայց այդ հանգամանքը չանդրադարձավ նրա կողմնորոշման վրա: Նա մտովի միշտ մնաց իր հայրենի եզերքներում: Միեւնույն ժամանակ. «Նրա արվեստը լինելով հայկական, խոսում է համաշխարհային արվեստի լեզվով եւ մտնում է այդ արվեստի ընտանիքի մեջ»: Այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունը քանդակագործ եւ գեղանկարիչ Երվանդ Քոչարը:

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
արվեստագիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930