Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականություն եւ ազգային հարց

Սեպտեմբեր 29,2014 11:06

Ուկրաինայի այս տարվա իրադարձությունները լրջորեն անդրադարձան աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա: Դրանք ոչ միայն Ուկրաինային են վերաբերում, այլև ազդեցիկ ու ոչ ազդեցիկ շատ ու շատ երկրների, ընդ որում` միանգամայն ուղղակիորեն են վերաբերում: Այդ թվում` նաև Հայաստանին: Ընդ որում` ոչ միայն Հայաստանի հանրապետությանն ու իշխանություններին, ոչ միայն Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններին, այլև` Հայաստանի շարքային քաղաքացիներին:

Իհարկե, առաջին հերթին այդ իրադարձություններն Ուկրաինային ու Ռուսաստանին են վերաբերում և առաջին հերթին հենց ուկրաինացիների ու ռուսների վրա անդրադարձան, և ինչպես ենթադրվում է, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:

Այսուհանդերձ, ուկրաինացիների ու ռուսների սկսված ու շարունակվող այս հակամարտությունը սոսկ այս երկուսի հակամարտությունը չի և ուրիշներին էլ է վերաբերում. ընդ որում` միանգամայն ուղղակիորեն, և արդեն իսկ զգացվում է, որ այս հարցում մի շարք երկրների շահեր հակասում են իրար, և, ընդհակառակը, որոշների շահերն ուղղակիորեն համընկնում են:

Այսուհանդերձ, այս հարցում առաջնայինը, որոշակին ու որոշիչն Արևմուտքի ու Ռուսաստանի շահերն ու խնդիրներն են. ԱՄՆ-ինն ու Ռուսաստանինը` առաջին հերթին:
Հայաստանն էլ, որպես անկախ պետություն, բնականաբար, իր շահերն ու իր խնդիրներն ունի: Մաքսային միության տեսլականի հետ կապված` էդ շահերն առաջին հերթին Ռուսաստանի շահերի հետ են զուգորդվում:

Հայաստանի քաղաքացիներից ու քաղաքական գործիչներից շատերն են համաձայն, որ Ռուսաստանի հետ մեր սերտ կապերն ու էդ կապերի առավել սերտացումն առաջին հերթին Ղարաբաղի հարցից ու էդ հարցի շահերից է բխում: Այսուհանդերձ, Հայաստանի քաղաքացիների և քաղաքական գործիչների մի այլ մասն էլ միանգամայն այլ կերպ է մտածում. մտածում են, որ Հայաստանի` Ռուսաստանի հետ սերտացումը միայն ու միայն հետընթաց է Հայաստանի համար` թե ժողովրդավարության, թե տնտեսության զարգացման, և թե Ղարաբաղի հարցի իմաստով: Սա մեր արևմտամետների կարծիքն է, և մեր լրատվամիջոցներում արևմտամետների կարծիքն ավելի հաճախակի է հնչում, քան` ռուսամետներինը, որովհետև մեր լրատվամիջոցներից անգամ նրանք, որոնք իրականում ընդդիմադիր էլ չեն, հիմնականում ընդդիմադիր կեցվածք են հանդես բերում, և արդյունքում ստացվում է, որ Մաքսային միության հակառակորդները մեզանում ավելի շատ են, քան` կողմնակիցները, և նմանապես մեր քաղաքական գործիչներից քչերն են բացահայտորեն Մաքսային միության գաղափարը պաշտպանում:

Եվ մինչև իսկ իշխանական ու իշխանամետ գործիչներից բացառիկներն են Մաքսային միության տարբերակը բացահայտորեն պաշտպանում, ոջ Գեղամյանն ու ևս մի քանիսն իսկապես բացառություններ են: Մինչդեռ մյուսները մեկ նալին են խփում, մեկ` մեխին, կամ, ընդհակառակը, ոչ նալին են խփում և ոչ էլ մեխին: Եվ ընդհանուր տպավորությունն այն է, որ մեզանում արևմտամետներն ավելի շատ են, քան` ռուսամետները:

Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է, և իմ անձնական կարծիքն էլ հետևյալն է. եթե Պուտինը Հայաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրի, հեշտությամբ կհաղթի առանց ընտրակաշառքի և բացարձակ առավելությամբ: Սա ոչ միայն մեզանից շատերի թունդ ռուսասիրության մասին է վկայում, այլև` թունդ Պուտինասիրության: Եվ մեզանում Պուտինասիրությունն առավել զգալի ու նկատելի է, քան նույնիսկ` ռուսասիրությունը: Սա նշանակում է, որ մեզանից շատերը միանգամայն նորմալ են համարում այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում: Սա, կրկնում եմ, ընդամենը իմ անձնական կարծիքն է, և տա Աստված, որ էս ասածներս ընդամենը իմ կարծիքը լինեն:

Ինչ վերաբերում է նորմալ մարդկանց, նորմալ մարդիկ Հայաստանում ոչ արևմտամետ են և ոչ էլ ռուսամետ, որովհետև նորմալ մարդիկ, ի տարբերություն աննորմալների, բոլոր հարցերի սպառիչ ու հստակ պատասխաններն իրենց գրպաններում չունեն` ոչ միայն Ուկրաինայի, այլև Ղարաբաղի և այլ հարցերի վերաբերյալ:

Այս հարցերում հաստատուն ու հստակ կարծիք չունեն նույնիսկ գերտերություններն ու նրանց ղեկավարները, և պատահական չէ, որ գերտերությունների ղեկավարները մերթ կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, մերթ էլ հայտարարում են, որ իրենք երբևէ չեն թշնամանա Ռուսաստանի հետ` հանուն Ուկրաինայի:

Յուրաքանչյուր պետություն իր շահերն ունի: Յուրաքանչյուր ազգ` նմանապես: Եվ որոշ դեպքերում էդ շահերը համընկնում են, իսկ ավելի հաճախ հակասում են իրար:
Եվ չափազանց դժվար է կռահել` վերջն ինչ կլինի: Եվ առավել դժվար է կռահել` ով ում բարեկամն է:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930