Հայկ Ալումյանը պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել
«Երբ Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին Սյունիքի մարզի մարզպետ, նշանակում է, որ նա շատ լուրջ հովանավորությունից է օգտվում»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզի մարզպետ վերանշանակվելուն, ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքերով՝ նման հովանավորություն ունեցող մարդիկ, սովորաբար, Հայաստանում անձեռնմխելի են արդարադատության համար. «Այսինքն՝ եթե նույնիսկ ինքը նշանակվեր մեկ այլ մարզի մարզպետ, միեւնույնն է, ես կհասկանայի, որ Սյունիքում մենք շատ քիչ հնարավորություններ ունենք, որովհետեւ այդ մարդն ունի շատ լուրջ հովանավորներ: Բայց դրան հիմա գումարվում է այն, որ ինքը նշանակված է մարզպետ հենց Սյունիքի մարզում, որտեղ որ այդ դատավարությունն իրականանում է»:
Պարոն Ալումյանը հավելեց, որ դատական գործի ընթացքում հաճախ օգտագործելու է Սուրիկ Խաչատրյանի կատարած հայտարարությունները.. «Մեր դիրքորոշումները հետո ոչ ոք այդքան լավ չի հիմնավորում, ինչպես Սուրիկ Խաչատրյանն իր ասածներով: Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ շնորհակալություն է հայտնում, որ համագործակցում է եւ շարունակելու է համագործակցել Սյունիքի ազգային անվտանգության պետի հետ, Սյունիքի դատախազի հետ, Սյունիքի ոստիկանապետի հետ: Հասկանո՞ւմ եք, ինքը համագործակցել է եւ շարունակելու է համագործակցել ոստիկանապետի հետ, որի ղեկավարած ոստիկանությունը դեպքից անմիջապես հետո խեղաթյուրում է ամեն ինչ: Բայց որ ես այդ համագործակցության մեջ մտնեմ, ես ի՞նչ հնարավորություն ունեմ: Այդ պատճառով ես ուզում եմ ինքնաբացարկ ներկայացնել հաջորդ դատական նիստի ընթացքում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ