Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակը Սյունիքում կոչ արեց սիսիանցիներին միասնական լինել եւ արմատական իշխանափոխություն անել

Սեպտեմբեր 28,2014 15:37

Ոչ իշխանական ուժերը քիչ առաջ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկնարկեցին իրենց նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքի ժամանակ բանախոսներն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, շարունակվող արտագաղթի, իշխանափոխության եւ այլ թեմաների: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձավ հայտնի 12 կետին եւ սիսիանցիներին կոչ արեց միանալ եւ միասնական արմատական փոփոխություններ անել երկրում:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հավաքի մասնակիցներին նշեց, որ իշխանափոխությունը պետք է ժողովուրդն անի, իսկ ընդդիմադիր ուժերը կարող են լինել միայն նրանց կողքին:
«Սուրեն Խաչատրյանին նորից վերանշանակեցին մարզպետ, իրենց
սահմանադրական բարեփոխումները սա՞ է, իրենց տնտեսական բարեփոխումները փոքր ու միջին բիզնեսին կախվածության մեջ դնե՞լն է: Խոշորին թողած ընկել են փոքրի հետեւից, որ ի՞նչ անեն: Հայաստանի 3 մաքսակետում, եթե դուք նորմալ աշխատում եք, էդ ստվերը որտեղի՞ց պետք է լինի, թե՞ ձեր ստվերն է, որ դուք եք մասնակցում: Արտագաղթի տեմպերն, որ այսօր կան Հայաստանում, դրանք այսպիսի քայլեր են երկրի սահմանները պաշտպանած, արյուն թափած տղաների նկատմամբ, որ բացի թշնամին ոչ ոք չէր
անի: Մեր համատեղ պայքարն այդ արտագաղթը կանխելու համար է», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանի խոսքով երկիրը փլուզվում է բառի բուն իմաստով` իշխանության սխալ քաղաքականության հետեւանքով: Կոչ արեց թուլ չտալ ներկայիս իշխանության վերարտադրությունը, ինչը փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների միջոցով:
Իսկ ՀԱԿ-ի Սյունիքի տարածքային կառույցի ներկայացուցիչը ընդգծեց, որ 1988թ.-ին միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը հաղթեց, բայց այսօրվա պայքարը շատ ավելի դժվար է լինելու.

«Ներկայիս պայքարը շատ դժվար է մեզ համար, որովհետեւ մեր հակառակ կողմում կանգնած են մեր հարազատները, մեր բարեկամները: Նրանք աշխատանք ունենալու պատճառով ծառայելու են ներկայիս ռեժիմին, նրանց վիճակն ավելի ծանր է: Համոզված եմ, նրանք ավելի շատ են ուզում իշխանափոխություն անել` քան մենք: Այսօր ՀՀ-ի համար շատ վճռորոշ, ճակատագրական պահ է, ժողովուրդը պետք է կանգնի ընդդիմության կողքին, եթե ուզում է Հայաստանում ինչ-որ բան փոխվի: Պայքա’ր, պայքա’ր մինչեւ վերջ,այս փուլի վերջը պետք է լինի այս
իշխանություների իշխանավարման վերջը», – ասաց նա:

«Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Հայաստանը երբեք այսքան սոված, անարժանապատիվ ու միջազգային հարթակում արհամարհված չի եղել, որքան այսօր է : «Այսօրվա իշխանությունը խամաճիկ է դարձել ուրիշ պետությունների ձեռքին, դրա համար մենք ենք մեղավոր, որ ձեւավորել ենք այսպիսի իշխանություն: Մենք հասկացանք, որ միասնական ճակատով կարող ենք հաղթել այն իշխանությանը, որը բռնանում է հանրության վրա, սողում է աթոռների տակ: Մեր խնդիրն է ամբողջապես փոխել իշխանությունը: Երբեք ՀՀ-ն այսքան սոված, այսքան միջազգային ամբիոններում այսքան թուլացած ու արհամարհված չի եղել», – իր ելույթում ասաց պարոն Հակոբյանը:
Հանրահավաքն այս պահին դեռ շարունակվում է Սիսիանում, ոչ իշխանական Եռյակի հաջորդ կանգառը Կապանում է լինելու:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930