Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի հայեցակարգը

Սեպտեմբեր 28,2014 13:32

Աշակերտներն ավագ դպրոց գնալու մոտիվացի կունենան

Առաջիկայում ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգը, որն արդեն գործում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նման առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը:

Միության անդամ տնօրենները նման փորձի ծանոթացել են առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներ այցելություններից: Այս իսկ պատճառով կրթության եւ գիտության նախարարությունը միությանն առաջարկել է մշակել կրեդիտային համակարգի հայեցակարգ:
Հանգստյան օրերին Ծաղկաձորում ընթացող «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում եւ իրականացում» թեմայով սեմինար-խորհրդակցության շրջանակներում, միության անդամ 84 դպրոցների տնօրենները եւ ուսմասվարները քննարկում էին նաեւ հայեցակարգը: «Դպրոց-կենտրոնների միության» համակարգող, ՀՀ ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սեմինարի մասնակիցներին ներկայացվել է հայեցակարգի երեք մոդել, որոնք մինչ այդ քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում:

Մոդելների քննարկումները դեռեւս կշարունակվեն դպրոցներում`մանկավարժական կոլեկտիվներում, ապա կներկայացվեն առաջարկները, որպեսզի մոդելն ամբողջական տեսքով ներկայացվի ՀՀ ԿԳՆ-ին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ավագ դպրոցների կրեդիտային համակարգը: Հիշեցնենք, որ բուհերում այն ներդնելիս ու կիրառելիս խիստ քննադատության արժանացավ: Ռուզաննա Մուրադյանը նկատեց, որ համակարգը եւ դրական եւ բացասական կողմեր ունի: Դրականն այն է, որ երեխան հստակ մոտիվացիա է ունենում ավագ դպրոց գնալու. «Եվ բացակայությունն է կրեդիտ հանվելու, եւ ծրագիրը, մեր առաջարկով այնպես է դրված, որ երեխան ինքը ձգտի, որպեսզի որեւէ թեմա բաց չթողնի: Օրինակ, ասենք եթե առաջին կիսամյակի ֆիզիկա առարկայից պետք է դրվի 30 կրեդիտ, դրանում ներառվեն բոլոր այն թեմաները, որոնք եթե երեխան չանցնի, այդքան կրեդիտ պակաս է մնալու`անկախ նրանից, թե ինչպե՞ս է գնահատվել նա»: Սա հնարավորություն է տալիս, որպեսզի հիվանդության կամ այլ հարգելի պատճառով դասերը բաց թողած աշակերտը լրացնի իր գիտելիքները, այլապես հստակ պետք է իմանա, որ կրեդիտներ է կորցնում: Սեմինարի քննարկման հիմնական թեման այն էր, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է լրացվի բաց թողնվածը, ովքե՞ր եւ որտե՞ղ պետք է լրացուցիչ աշխատեն աշակերտների հետ: Մեխանիզմների ընտրությունը թողնվեց ՀՀ ԿԳՆ-ին:

Համակարգի թերությունների մասին խոսելիս Ռուզաննա Մուրադյանը մատնանշեց գործընթացի մեխանիկականությունը. «Եթե մենք դրա հետ միասին մտածողության զարգացման ու մոտիվացիայի նկատմամբ հետաքրքրություն չստեղծենք, ապա աշակերտն ուղղակի աչոկներ հավաքելու համար, մեխանիկորեն կանի այս կամ այն գործողությունը եւ մեխանիկական մոտեցումը առաջնահերթ կդառնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930