Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Մինչեւ հիմա Նիկոլայ Աբրահամյանին վնասվածք պատճառած գնդակը մարմնից չի հանվել»

Սեպտեմբեր 28,2014 00:27

«Որ չպարզվի, իրականում, Ավետիք Բուդաղյանի կրակածը չի»

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքի մի մասը:

Փաստաբանը նշեց, որ ըստ քննիչի նկարագրության՝ հեռանալով Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտից՝ Ավետիք Բուդաղյանը գնացել է եղբոր՝ Արտակ Բուդաղյանի տուն և պատմել նրան, որ մարզպետն ու Զարզանդը վերադառնալիս իր նկատմամբ բռնություն են գործադրել. «Լավ է, գոնե այստեղ չի նկատել, այստեղ ճշմարտություն է գրել, որ Ավետիք Բուդաղյանը, իրոք, պատմել է, որ մարզպետն ու Զարզանդը բռնություն են գործադրել»:
Հայկ Ալումյանը անդրադարձավ նաեւ Նիկոլայ Աբրահամյանին բաժին հասած կրակոցին, մեջբերելով քննիչի նկարագրությունը, թե Նիկոլայ Աբրահամյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանի ձեռքին, զենքը վայր է գցել, եւ երբ փորձել է ոտքը դնել գետնին ընկած զենքի վրա Ավետիք Բուդաղյանը գոտկատեղից հանել է նախապես լիցքավորված եւ կրակոցի համար պատրաստ «Բերետա» ինքնաշեն հրազենը կրակել Նիկոլայ Աբրահամյանի որովայնին՝ պատճառելով նրան ծանր մարմնական վնասվածք.
«Մինչեւ հիմա պարզված չէ, թե Նիկոլայ Աբրահամյանը ինչ զենքով է ծանր մարմնական վնասվածքը ստացել: Մինչեւ հիմա Նիկոլայ Աբրահամյանին վնասվածք պատճառած գնդակը մարմնից չի հանվել, փորձաքննության չի ներկայացվել, եւ չի պարզվել, թե ինչ զենքով է դա կրակած: Վարկած են առաջ քաշում, որ չի կարելի այդ գնդակը հանել, որովհետեւ եթե գնդակը հանեն, կարող է ինչ-որ մի բան վնասվի եւ Նիկոլայ Աբրահամյանի վիճակն ավելի վատթարանա: Բայց իրականությունն այն է, որ չեն ուզում այդ գնդակը հանել, որ չպարզվի, իրականում, Ավետիք Բուդաղյանի կրակածը չի, ուղղակի իրենք փոխհրաձգության մեջ Նիկոլայի վրա են նաեւ կրակել»:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ քննիչն իր որոշման մեջ հիշատակել է Լորետա Բարսեղյանի, Տիգրան Խաչատրյանի, Նիկոլայ Աբրահամյանի, Մարիետա Շալունցի եւ Կարինե Հարությունյանի ցուցմունքները: Քննիչի որոշումը բողոքարկվել է գլխավոր դատախազին եւ զինվորական դատախազի տեղակալին: Նա հավելեց, որ ստացել է զինվորական դատախազ Կոստանյանի սեպտեմբերի 26-ին որոշումը, որը որ մերժում էր իր բողոքը.

«Իր որոշման մեջ դատախազը վկայակոչել է նույն այն ապացույցները, ինչ եւ քննիչը՝ հավելելով դրանց հատվածներ Մելիք Բարսեղյանի, Արմեն Մկրտչյանի եւ Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքներից՝ ճաշկերույթից վերադարձի մասին: Ընդ որում իր որոշման մեջ զինվորական դատախազը յուրովի է մեկնաբանել դեպքերի տեսագրությունը: Հետեւելով քննիչի որոշման ոգուն՝ դատախազը ոչինչ չի նշել այլ ցուցմունքների եւ այլ ապացույցների գոյության մասին, որոնք կասկածի տակ են դնում քննիչի որոշման պատճառաբանությունները եւ հետեւությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930