Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Ավետիք Բուդաղյանին ծեծել է  հարբած վիճակում գտնվող Սուրիկ Խաչատրյանը»

Սեպտեմբեր 27,2014 23:24

Ըստ Հայկ Ալումյանի՝ քննիչը գլխիվայր է շուռ տվել իրականությունը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքի մի մասը:

Նա նշեց, որ քննիչը հաստատված է համարել, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում ճաշկերույթից հետո Գորիս քաղաքի բնակիչներ Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը, Ավետիք Բուդաղյանը և Արագած Ղևոնդյանը` Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայով վերադարձել են Գորիս քաղաք: Ավտոմեքենայում անախորժ խոսակցություն է ծավալվել Ավետիք Բուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև, որի ընթացքում Զարզանդ Նիկողոսյանն ապտակել է Ավետիք Բուդաղյանին: Դրանից հետո Բուդաղյանի բնակության վայր չհասած որոշ հեռավորության վրա վերջինս իջել է ավտոմեքենայից՝ ընդհանուր բնույթի սպառնալիքներ տալով մեքենայում գտնվողների հասցեին. «Այս փաստական հանգամանքները քրեական գործի տվյալներին հակասում են: Ըստ էության, երկու դրվագից բաղկացած գործ է, երկու դրվագում էլ քննիչը գլխիվայր է շուռ տվել իրականությունը: Այս նկարագրությունը, որը ներկայացված է, գլխիվայր շուռ տված նկարագրություն է, տրամագծորեն հակասում է իրականությանը: Իրականում՝ ավտոմեքենայի մեջ ծեծել է Ավետիք Բուդաղյանին հարբած վիճակում Սուրիկ Խաչատրյանը: Իհարկե՛, չի բացառված, որ Զարզանդ Նիկողոսյանի ներկայությունն էլ լինի, այդ ուղղակի չենք բացառում, իսկ որ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է, դա իրականություն է, եւ մենք դա կհաստատենք»:

Հայկ Ալումյանը բացարձակ սուտ անվանեց քննիչի մյուս նկարագրությունը, թե Ավետիք Բուդաղյանը, վիրավորված նման վերաբերմունքից, 22:30-ի սահմաններում իր անձնական օգտագործման մեքենայով գնացել է Դավիթ Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանի առանձնատուն. «Ավետիք Բուդաղյանի վարած ավտոմեքենան Սուրիկ Խաչատրյանի տուն չի գնացել, գտնվել է Դավիթ Բեկ փողոցում: Պարզապես, այս ձեւով խնդիրը ներկայացնելը քննիչին թվացել է ավելի նպատակահարմար, որպեսզի ավելի խիտ գույներով ներկայացնի, թե ի՞նչ վտանգավոր հարձակում է տեղի ունեցել Ավետիք Բուդաղյանի եւ նրա եղբոր կողմից, որպեսզի հետո էլ ավելի համոզիչ ձեւով ներկայացնի, թե ինչ ծանր պայմաններում, կյանքի համար վտանգավոր իրավիճակում են պաշտպանվելով սպանել Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը»:
Ըստ քննիչի նկարագրության՝ Ավետիք Բուդաղյանն առանձնատան մոտ չհասած կանգնեցրել է մեքենան, եւ բացելով դիմացի ձախ դուռը հարցրել է, թե որտե՞ղ է մարզպետը: Նրան են մոտեցել Զարզանդ Նիկողոսյանը եւ Արագած Ղեւոնդյանը՝ կասեցնելով նրա՝ մեքենայից իջնելը: Հասկանալով, թե ի՞նչ նպատակով է Ավետիք Բուդաղյանը եկել առանձնատուն, նրան ասել են, որ մարզպետը տանը քնած է եւ առաջարկել են նրան հաջորդ օրը գալ: Տեսնելով Զարզանդ Նիկողոսյանին՝ Ավետիք Բուդաղյանը էլ ավելի է վրդովվել, եւ որպեսզի կրքերը չբորբոքվեն Զարզանդ Նիկողոսյանը մի քանի քայլ հետ է գնացել: Բուդաղյանին են մոտեցել Լորետա Բարսեղյանը, Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, Նիկոլայ Աբրահամյանը, Մարիետա Շալունցը և փորձել են համոզել Բուդաղյանին՝ հեռանալ: Սակայն, նա շարունակել է պահանջել մարզպետին ու Զարզանդ

Նիկողոսյանին՝ պնդելով, որ նրանք պետք է պատասխան տան:
Փաստաբանը այս հատվածը եւս բացարձակ սուտ է համարում:
Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենային մոտեցած Նիկոլայ Աբրահամյանը բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և նկատել է, որ Բուդաղյանի աջ ձեռքը դրված է ավտոմեքենայի փոխանցման տուփի մոտ գտնվող ատրճանակի վրա: Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ, պահանջատիրական կեցվածը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լորետա Բարսեղյանի, Տիգրան Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Ա. Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց.

«Սուտ է, այսպիսի մտահոգություններ ոչ ոք չի հայտնել, խոհանոցի խոսակցությունը ձայնագրված է: Ընդ որում, այն աստիճան սուտ է, որ նույնիսկ հակառակը՝ Լորետա Բարսեղյանը Սուրիկ Խաչատրյանի հասցեին հեռակա կարգով ասում է՝ չէր ամաչո՞ւմ, գոնե իր հետ չէ, հոր հետ քավոր-սանիկներ են, չէր ամաչո՞ւմ: Այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին հեռակա կարգով այսպիսի բան է ասում Լորետա Բարսեղյանը իր սեփական խոհանոցում, որ չէր ամաչո՞ւմ՝ Ավոյի հետ նման բան արեց, թողենք իր հետ հարաբերությունները, բայց գոնե հոր հետ քավոր-սանիկություն ունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930