«Արցախը ձեզ համար ընդամենը տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք»,- ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի՝ Ադրբեջանին ուղղված խոսքերն է վերհիշում Վարպետի այրին՝ Նելլի Սարգսյանը:
Ս. Սարգսյանը մեզ հետ չէ արդեն մեկ տարի: Նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ մեր ամենասիրելի դերասաններից մեկը:
Եվ Վարպետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին եկել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, ուսանողներ, աշակերտներ…
«Մեծ է Ս. Սարգսյանի դերակատարությունը մեր գաղափարական պայքարում՝ պայքար հանուն ազատության, մեծ է նրա դերակատարությունը նաև բանակի դաստիարակության գործում, ծառայության նկատմամբ գիտակցական վերաբերմունքի ձևավորման հարցում: Նա միշտ բանակի կողքին է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պանթեոնում այսօր հանդիսավոր կերպով բացվեց նաև Ս. Սարգսյանի հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է: Քանդակը վերջնական տեսքի բերելու համար նրանից երեք ամիս է պահանջվել: Քանդակագործն ասում է, որ, սովորաբար, արագ է աշխատում, բայց Ս. Սարգսյանի դեպքում դա դժվար է եղել. «Վարպետն ինձ շատ «տանջեց», կարծես ինքն էր թելադրում ինչպես քանդակել»,- ասում է Մ. Մազմանյանը:
Քանդակագործի արած բազմաթիվ էսքիզներից հենց այս մեկն է ընտրվել. «Ուրախ եմ, որ սա ընտրվեց, այն ինձ դուր է գալիս»,- անկեղծանում է նա:
Վարպետի այրին՝ Ն. Սարգսյանը, հաճախ է հիշում ամուսնու խոսքերը. «Ասում էր՝ մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ գտնում է մեկին, որի առջև կարող է սիրտը բացել: Սոսը հաճախ էր կրկնում՝ վատություն անելը հեշտ է, բարություն անելն է դժվար: Չպիտի մտածես, թե ինչ կարող ես ստանալ փոխարենը, պիտի անես ու անես, տաս ու քեզ չխնայես: Նա իրեն ոչ մի հարցում չխնայեց, ոչ մի բանի կողքով անտարբեր չանցավ. սրտացավ էր շատ: Վիրավորվում էր անշնորհքությունից, ամենափոքր ստորությունից անգամ սարսափում էր: Իսկ հայրենիքը… հայրենիքից ավելի բարձր բան չկար նրա համար»,- պատմում է տիկին Նելլին:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ