Փաստաբանի խոսքերով՝ դատարանի նկատմամբ գոյություն ունեն շատ արդյունավետ գործող անօրինական լծակներ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքի մի մասը:
Նա նշեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 6-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջինիս մահվան հիմքով: Որոշման մեջ մատնանշած հանգամանքներին եւ հետեւությունների հետ համաձայն չի եղել Էմիլ Բուդաղյանը, եւ այդ պատճառաբանությամբ՝ վիճարկել է.
«Էմիլ Բուդաղյանը նշում է, որ իր սպանված որդու հիմնական իրավունքներից մեկն է նրա անմեղության կանխավարկածի հարգումը, նշված իրավունքը ամրագրվում է սահմանադրության 21-րդ հոդվածի առաջին մասով: Այսպիսով՝ Էմիլ Բուդաղյանի մահացած որդու՝ Ավետիք Բուդաղյանի անմեղության կանխավարկածի հարգման իրավունքը վերականգնելու նպատակով՝ նա՝ որպես մահացած որդու իրավահաջորդ անհրաժեշտ է համարում, որպեսզի նրա նկատմամբ քրեական գործը քննվի եւ ուղղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով՝ արդարացման դատավճռով ճանաչվի եւ հռչակվի Ավետիք Բուդաղյանի անմեղությունը, կամ հակառակ դեպքում՝ եթե դատարանը, այնուամենայնիվ, համոզիչ եւ բավարար փաստեր գտնի, համենայն դեպս, Ավետիք Բուդաղյանը մեղավոր ճանաչվի դատարանի դատավճռով, ոչ թե քննիչի որոշմամբ»:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանը հավելեց, որ հենց հաջորդ օրը քննիչը, հիմնվելով Ավետիք Բուդաղյանի գործողություններին տրված գնահատականներին, Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցրել է. «Այդ տրամաբանությամբ՝ ստացվում է այսպես, որ Ավետիք Բուդաղյանը, եթե նախորդ օրվա որոշմամբ ճանաչվել է մեղավոր՝ սպանության կատարման փորձի մեջ, ապա ստացվում է, որ այն երկուսն էլ, որոնք սպանել են Ավետիք Բուդաղյանին, գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Այսինքն՝ չլինեն Ավետիք Բուդաղյանի նկատմամբ այդ գնահատականները Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ իրավական գնահատականները կկորցնեն իրենց հիմքը, կհայտնվեն օդի մեջ: Այսինքն՝ ամեն ինչի հիմքն այն է, որ քննիչն արել է, իր կարծիքով եւ վերադասների կարծիքով, խորամանկ քայլ»:
Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը վեցը բողոքից չորսն իրար է միացրել եւ քննում է մեկ վարույթում: Նա ասաց, որ այդ բողոքները ներկայացվել են անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Փաստաբանը նկատեց, որ դատարանը չի շտապում քննել այդ բողոքները: Սակայն այդ բողոքներից մեկը, որը ներկայացված էր այս տարվա մայիս ամսին դատարանը շատ շտապ քննել եւ մերժել է այն. «Այդ բողոքը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետապնդում չիրականացնելու որոշմանը, այսինքն՝ ոչ մի տրամաբանություն կարծես, թե չկար՝ ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը չմիացվեց բոլորին, շատ շտապ նշանակվեց, քննվեց եւ այդքան հրատապ: Այդ հետո պարզվեց, թե ինչո՞ւ է իր վերաբերյալ բողոքն այդքան շտապ քննվում, մենք այդ ժամանակ չգիտեինք այդ մասին, որ իրեն պատրաստվում են նշանակել Սյունիքի մարզպետ, բայց ամիս ու կես ամիս առաջ արդեն, հավանաբար, դատարանի մեկ այլ դատավորը, որը հրահանգված էր այդ բողոքին շուտ լուծում տալ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը «մաքրվի», մինչեւ իր մարզպետ նշանակվելը: Եվ այդպես էլ տեղի ունեցավ՝ դատարանը «մաքրեց» Սուրիկ Խաչատրյանին, հետո էլ այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը շատ հրատապ քննվեց Վերաքննիչ դատարանում, մի հատ էլ Վերաքննիչ դատարանը «մաքրեց» Սուրիկ Խաչատրյանին, մենք չէինք հասկանում, թե ինչո՞ւ է հրատապ այս ամեն ինչը մի քանի օր առաջ հասկացանք»:
Հայկ Ալոյանը նշեց, որ իր հայտարարությունն ենթադրություն էր մինչեւ այն պահը, երբ պարզ դարձավ, թե մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Նրա խոսքերով՝ դատարանի նկատմամբ գոյություն ունեն շատ արդյունավետ գործող անօրինական լծակներ, որոնցով կարելի է դատարանին ստիպել բողոքը քննել շատ դանդաղ, իսկ մի ուրիշ բողոք քննել այնպես արագ, որ ոչ մի բողոք այդպես արագ չի քննվում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ