«Գրական տապան» միջազգային 5-րդ փառատոնը մոտենում է իր ավարտին:
Սեպտեմբերի 18-ից Հայաստանի գրական կյանքը յուրօրինակ աշխուժություն է ձեռք բերել՝ շնորհիվ հայ և օտարազգի շատ գրողների, որոնք «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում մասնագիտական քննարկումներ են անցկացնում, իրենց փորձով ու պատկերացումներով կիսվում ժամանակակից հայ գրողների հետ, հանդիպումներ են ունենում հայաստանյան բուհերի ուսանողների, ընթերցողների հետ…
Անցկացված միջոցառումների շարքը կարելի է շարունակել, բայց վաղն այդ ամենը կավարտվի, և նոր թափով կսկսվի ու կշարունակվի արդեն եկող տարի, որովհետև թե´ փառատոնի կազմակերպիչները, թե´ մասնակիցները տեսնում են, որ այն հաջողել է, հետևաբար՝ պետք է շարունակություն ունենա:
«Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակից հայ և արտասահմանցի գրողներն այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիսվեցին Հայաստանից ու փառատոնից ստացած իրենց տպավորություններով:
Իհարկե, նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ փառատոնի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները, բայց և այնպես, նրանցից մի քանիսն այսօր էլ արտահայտվեցին:
Ֆրանսիացի գրող Սերժ Վենտուրինին, օրինակ, խոստովանեց, որ իրեն ինչ-որ չափով նաև հայ գրող է համարում, որովհետև իր ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են գործել Գ. Նարեկացին, Ն. Քուչակը, Սայաթ-Նովան և Ե. Չարենցը, որոնց ինքը շնորհակալ է դրա համար:
Կարդացեք նաև
Ռուս երիտասարդ գրող Ալիսա Գանիևան էլ ասաց, որ տպավորված է իր՝ Հայաստան առաջին անգամ այցելությունից. «Մենք տասնյակ եկեղեցիներում եղանք,- ասում է նա,- այստեղ հոգևոր շատ ուժեղ շունչ եմ զգում, ասես վեր խոյացնող էներգիա լինի: Հուսով եմ՝ կկարողանամ զգացածս հետագայում արտացոլել իմ գրքերում»:
Իսկ ահա չեխ գրող Վլադիսլավ Վետրիչկան ասում է, որ թեև Հայաստանում և Արցախում արդեն հինգ անգամ եղել է, սակայն այս այցելությունը փոքր-ինչ այլ էր. «Սա Հայաստանի և Արցախի ավելի խորը ընկալում տվեց»,- բացատրեց նա՝ հավելելով, որ Հայաստանի և իր հայրենիքի միջև պատմական առումով հետաքրքիր ընդհանրություն է տեսնում. «Ինչպես այսօր Հայաստանն է առնվազն երեք կողմից շրջապատված պոտենցիալ թշնամիներով, այնպես էլ մենք՝ 30-ական թթ., և ես ինչ-որ չափով կարող եմ հասկանալ հայաստանցիների ու արցախցիների զգացմունքները: Սակայն թույլ տվեք մի քիչ ցինիկ լինել, ինչպես որ եմ իմ գրքերում. եկեք բոլոր վատ երևույթները տեսնելով՝ տեսնենք նաև կայսրությունների դրական կողմը: Դա կարևոր է հատկապես գրողներիս համար: Իմ հայրենիքը, օրինակ, վերջին հարյուրամյակի ընթացքում երեք կայսրություն է հաղթահարել՝ նացիստական, խորհրդային և ավստրոհունգարական: Նրանց դեմ պայքարելով՝ մենք հարյուր հազարավոր մարդկանց կորցրինք, հարյուր հազարներն էլ արտագաղթեցին: Մյուս կողմից, սակայն, այդ տարիներին ստեղծվեցին մեր լավագույն գրքերը, և այդ ընթացքում ի հայտ եկան լավագույն գրողները՝ Հաշեկը, Չապեկը… Այնպես որ, ամեն ինչ միայն սև ու սպիտակ չէ, և կյանքը շարունակվում է»,- ասաց նա:
Հայ գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ անդրադարձավ «Գրական տապանի»՝ վերը նշված ամենամյա ժողովածուին՝ մատնանշելով վերջինիս տարածման խնդիրը. «Ես կցանկանայի, որ փառատոնն ամեն տարի արտասահմանյան որևէ գործընկեր փառատոն ունենար, որովհետև Հայաստանում տպագրվող նմանատիպ ժողովածուները տարածման առումով խնդիր ունեն. անկախ լեզվից՝ դրանք չեն հասնում հեռավոր երկրներ, ավելի կոնկրետ՝ Արևմտյան Եվրոպայի երկրներ, որոնք, իմ դիտարկմամբ, ավելի սրտամոտ են մեզ: Իսկ այդպիսի գործընկերը եվրոպական որևէ լեզվով կարող է զուգահեռաբար հրատարակել «Գրական տապանի» այդ տարվա ժողովածուն»,- նշեց Վ. Մարտիրոսյանը՝ նկատելով, որ դա, ընդհանրապես, գրական քաղաքականության մեծ բացերից մեկն է. «Գրողների միությունն էլ Հայաստանում օտար լեզուներով տպագրում է մեր հեղինակներին, բայց ես կարծում եմ, որ այդ գրքերը մնում են միության նկուղներում, որովհետև մարդիկ, որոնք հրատարակում են դրանք, պատկերացում չունեն, թե ինչպես է Արևմուտքում գիրքը հասնում ընթերցողին: Եթե այդ գիրքը չի հասնում որևէ լուրջ գրախանութ, դա նշանակում է, որ այդ գիրքը լույս չի տեսել: Եվ պետք չէ ջուրը թափել սփյուռքի, հարկատուների, բարերարների և այլոց փողերը միայն նրա համար, որ այդ գրողներն ասեն՝ այս կամ այն լեզվով հրատարակված գիրք ունեն»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ