«Քաղաքական մարած «օբլիգացիաները» անցել են կոռեկտության բոլոր սահմանները»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոչ իշխանական եռյակի՝ Աբովյանում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր հասցեին հնչած վիրավորանքներին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ չի կարելի անձնական վիրավորանքներով խոսել քաղաքական դաշտում. «Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի «քաղաքական պապա»-ն, քաղաքական հովանավորն ու նրանց հետեւորդները»: Հարցին, թե ո՞վ է այդ «քաղաքական պապան» Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ իրենց «պապաները» շուտ-շուտ են փոխվում:
Պարոն Շարմազանովը հավելեց, որ համարում է՝ հայ տղամարդուն վայել չէ հայհոյանքներով խոսելը, իսկ հարցին, թե Հանրապետական կուսակցության անդամները երբեւէ հայհոյանքներով չե՞ն խոսել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ խոսել են, սակայն այդ բոլոր դեպքերն էլ ինքը դատապարտել է. «Այդպիսի դեպք չի եղել, որ որեւէ մեկը օրենսդրության կամ էթիկայի խախտում անի, ես չեմ ասել՝ «դե գիտեք՝ ի՞նչ կա, լավ ա», ես դատապարտել եմ: Ես երեւույթին դեմ եմ, մարդկանց չէ: Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի նորմալ երկրում, քաղաքակիրթ երկրում եւ չեմ ուզենա, որ մի մարդ, որ ապրում է կրկնակի ստանդարտով ու իրեն ուզում է ցույց տալ քաղաքական կույս, որը քաղաքական կուսությունից բազմաթիվ անգամներ զրկվել է, այսօր կանգնում է եւ հրապարակներում հայհոյում է»:
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը կասկածի տակ դրեց նրա գոյությունը՝ պատճառաբանելով, որ եթե ՀԱԿ-ը գոյություն ունենար, ապա կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն կուսակցության հանրահավաքներին ներկա կլինեին: Պարոն Շարմազանովը հավելեց, որ նույնը կարծում է Ալեքսանդր Արզումանյանի, Հովհաննես Իգիթյանի, Դավիթ Շահնազարյանի, Պետրոս Մակեյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Կարապետ Ռուբինյանի վերաբերյալ. «Անկախ նրանից, թե ես այս մարդկանց հետ համամիտ եմ կամ համամիտ չեմ, փաստն այն է, որ իրենց՝ ՀԱԿ-ի առյուծի բաժինը դուրս է եկել այնտեղից: Այնտեղ մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական թոշակառուն»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ հիմնականում հայհոյողը «Հայ Ազգային Կոնգրեսն» է, եւ ՀՀԿ-ն իրենց չի պատասխանում, որովհետեւ պատասխանելու դեպքում՝ «նրանք կկորեն».
«Նրանք ո՞վ են` պլինդուզից ցածր, որ մենք էլ նրանք պատասխանենք: Ինձ համար անլուրջ է, որ մազերը սպիտակ մարդը, որը կարդացել է իմ երկրի Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդկանց դիմաց կանգնում ու հայհոյում է ու դրանից իրեն իրավունք վերապահի, ասի ՀՀԿ պատգամավորի` այս կետը խախտո՞ւմ ես»:
Տեսանյութը՝ A1plus.am-ի
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ