Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն, ինչը Հայաստանը Եվրոպային առաջարկում էր խաղաղ անել, Ուկրաինայում արվեց պատերազմի միջոցով»

Սեպտեմբեր 27,2014 14:09

Էդմոն Մարուքյանը մեղադրեց նաեւ Եվրոպական միությանը

«Եվրոպական միությունն էլ սխալ պահեց իրեն Հայաստանի նկատմամբ, սեպտեմբերի երեքից հետո: Երբ Հայաստանն առաջարկում էր նախաստորագրել համաձայնագրի քաղաքական մասը, ԵՄ-ն մերժեց: Հետո, ներքին տեղեկություն եկավ, որ Ուկրաինային մերժել ենք, ձեզ չենք կարող «այո» ասել: Բայց, ժամանակը ցույց տվեց, որ Ուկրաինայի հետ հենց քաղաքական մասը ստորագրվեց, տնտեսականը թողնելով մեկ տարի հետոյի, որը կարող է ընդհանրապես էլ չստորագրվել»,- այսօր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կազմակերպության եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի ապագան ծագած խնդիրների համատեքստում, վիզաների դյուրացման համաձայնագրերը, որպես ԵՄ-Հայաստան դրական քայլ» թեմայով քննարկման ժամանակ», ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այսինքն, այն, ինչը Հայաստանը Եվրոպային առաջարկում էր խաղաղ անել, Ուկրաինայում արվեց պատերազմի միջոցով»,- եզրակացրեց պատգամավորը:

Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանից առաջարկներ են սպասում, թե ինչպե՞ս ենք տեսնում հետագա համագործակցությունը: Նման հայտարարություններ հնչեցին նաեւ քննարկմանը ներկա գործիչների կողմից: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանն ինքն էլ դեռ պատրաստ չէ, դեռ չգիտի, թե ի՞նչ է իրեն սպասվում եվ ի՞նչ պետք է անի, ճիշտ այնպես, ինչպես պարզ չդարձավ, թե ի՞նչ կորցրեցինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով, քանզի ամեն ինչ շատ փակ էր, համաձայնեցված զուտ քաղաքական էլիտայի որոշ հատվածի հետ:
Անդրադառնալով արդեն Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցությանը, պատգամավորը նկատեց, որ ԵՏՄ մնացյալ անդամներից Հայաստանը մի քայլ առաջ է բոլոր առումներով`ժողովրդավարության եւ բարեփոխումների. «Բայց հիմա ի՞նչ պետք է անենք, պետք է գնանք ետ, որպեսզի ինտեգրվե՞նք այդ պետությունների հետ`ընդհանուր համակարգում: Մենք հասել ենք մի մակարդակի, երբ առաջընթացի փոխարեն պետք է ջանանք պահպանել եղածը»: Պատգամավորի կարծիքով, ԵՄ-ն պետք է Հայաստանին օգնի պահպանել եղածը:

«Ես եվրոպական խորը ինտեգրման կողմնակից եմ, այն ծայրահեղ տեսակետը չունեմ, թե ԵՏՄ-ին անդամակցելով կործանվում ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա համոզված է, որ ԵՏՄ-ի փաստաթղթի ստորագրումը որեւէ բան չի փոխում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում, քանզի այդ փաստաթուղթը փաստաթուղթ էլ մնալու է, կառույցը չի գործելու, ինչպես օրինակ ՀԱՊԿ-ը եւ մյուս կառույցները, որոնք ստեղծվեցին հետխորհրդային տարածքում`ՌԴ-ի նախաձեռնությամբ: Այս իմաստով, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման բազում հնարավորություններ պատգամավորը տեսնում է:

«Կոռուպցիան, արտագաղթը եւ այլն, մեր քաղաքական համակարգի խնդիրներ են, եթե կարողանանք դրանք լուծել մեր համակարգում, կլուծվեն նաեւ բազում խնդիրներ այլ համակարգերում: Ես լավատես եմ եւ իրապես հաջողություններ տեսնում եմ»,- եզրափակեց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930