Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «2015 թվականին Չեխիայի պառլամենտում որեւէ ձեւաչափով կքննարկվի Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը»

Սեպտեմբեր 27,2014 13:45

Չեխ պատգամավորները համաձայնել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը փաստ է, եւ այդ իրացումը անքննելի է

«Այս այցը գնահատում ենք բավական արդյունավետ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Պրահա այցին, հայտարարեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատվիրակությունը մի քանի ժամ է վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյանների եւ տեղի հայկական համայնքի հետ: Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը:

Պարոն Շարմազանովը նշեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացրել են Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից պայթեցված Սուրբ Նահատակաց եկեղեցու հարցը, եւ ամբողջ աշխարհում առաջիններից մեկը, ով դատապարտեց այդ երեւույթը եղել է Չեխիայի հոգեւոր առաջնորդը:

«Մինչեւ վերջերս Հայոց ցեղասպանության քննարկման հարցը Չեխիայում գրեթե եղել է տաբու, բայց այսօր մենք կարող ենք ասել՝ թե՛ մեր պատվիրակության, թե՛ մեր դեսպանատան, թե՛ առհասարակ հայկական համայնքի ակտիվ աշխատանքների արդյունքում մենք այսօր ունենք թե՛ սենատում, թե՛ պատգամավորների պալատում բազմաթիվ գործընկերներ, որոնք պատրաստ են իրենց ձայնը բարձրացնել ցեղասպանության դատապարտման համար: Ավելին՝ մեր պատվիրակությունը Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը բարձրացրել է թե՛ սենատում, թե՛ պատգամավորների պալատում՝ բարձր մակարդակով»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ այդ հարցը բարձրացրել են ե՛ւ սենատի նախագահի, ե՛ւ փոխնախագահի, ե՛ւ պատգամավորների պալատի փոխնախագահի եւ արտաքին գործերի փոխնախարարի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ չեխ պատգամավորներից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել ոչ միայն կողմ քվեարկել, այլ նաեւ իրենց հայտարարությամբ հանդես գալ Չեխիայի պառլամենտում. «Կարծում եմ, որ 2015 թվականին որեւէ ձեւաչափով Չեխիայի պառլամենտում կքննարկվի Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը»:

Պարոն Շարմազանովը կարեւոր է համարում, որ Չեխիայի բոլոր ատյանները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման միակ ճանապարհը համարում են բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Պատվիրակության անդամները ներկայացրել են վերջերս Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեի օրինակը, եւ չեխ պատգամավորները համաձայնել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը փաստ է, եւ այդ իրացումը անքննելի է. «Մենք նաեւ եկել ենք փոխադարձ համաձայնության, որ մինչեւ ապրիլ ամիս Չեխիայի պատգամավորների պալատում Չեխիայի միջնորդությունների կոմիտեում կկազմակերպվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ցուցահանդես, որտեղ կմասնակցեն չեղ պատգամավորները եւ քաղաքական գործիչները, եւ մենք Ցեղասպանության թանգարանից կտանենք ցուցանմուշներ Չեխիա եւ այդ ցուցանմուշները կցուցադրենք Չեխիայի պատգամավորների պալատում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930