Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք գնալու ենք, Վաղարշակին տենանք, հարցնենք` ինչի՞ է տենց բան արել»:

Սեպտեմբեր 27,2014 13:34

Հ/կ-ները պատրաստվում են շուկաներում արհմիություններ ստեղծել, որ ձեռներեցների շահերը պաշտպանված լինեն

«Սեփականատեր դա չի նշանակում ստրկատեր, դա պետք է հասկանան մեր շուկաների տերերը: Ոսկու շուկայում տեղի ունեցած դեպքը վանդալիզմ էր, անմարդկային վերաբերմունք ձեռներեցների նկատմամբ»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ այսօր «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի՝ ձեռներեցների սեղանները ջարդուփշուր անելու հարցով հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանին:

Aravot.am-ի հարցին, թե ձեռներեցների շահերը պաշտպանող միությունը, բացի դեպքը դատապարտելուց, ի՞նչ գործնական քայլեր է պատրաստվում անել, գրավոր դիմում գրել է՞ ոստիկանություն, դատախազություն, պարոն Ասլանյանն ասաց, որ եթե ձեռներեցը չի ցանկանում իրավապահներին դիմում գրել, իրենք ի՞նչ կարող են անել: Մեր ճշտող հարցին, թե գուցե գործարարը վախեցած է աշխատատեղ կորցնելու հարցով, իսկ միությունը անկախ է, դիմելո՞ւ է իրավապահներին, Ստեփան Ասլանյանն ասաց, որ մամուլի հրապարակումներն արդեն իսկ հիմք պետք է լինեն, որ իրավապահ մարմինները Վաղարշ Աբրահամյանին պատասխանատվության կանչեն. «Այսօր, երբ մարդիկ խաղաղ միտինգ են անում, իրավապահ մարմինները շատ արագ գործողություններ են կատարում, բայց, երբ մարդկանց բացահայտ կոտորում են, բիզնեսը ոչնչացնում , այդ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում»:

Ասուլիսին ներկա «Ավտովարորդների լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը նաեւ այս միության անդամ է, կարծիք հայտնեց, որ գուցե Վաղարշ Աբրահամյանն էլ վախի մթնոլորտում է եւ ինչ-ինչ պատճառներից ելնելով է այդ քայլին գնացել, քանի որ գուցե, մտավախություն ունի, որ իրեն կրկին տույժ ու տուգանքների կենթարկեն. «Մենք գնալու ենք, Վաղարշակին էլ տենանք, հարցնենք՝ ինչի՞ է տենց բան արել: Գուցե դա դրդված է արել»:
Տիգրան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մտնելու են բոլոր տոնավաճառներ եւ հայտնելու որ պատրաստվում են աշխատակիցների շահերը պաշտպանելու համար արհմիություններ ստեղծել:

Պարոն Ասլանյանը հայտնեց, որ ամսի 29-ին փոքր ձեռներեցները շրջանառության հարկի դեմ բողոքելու համար կրկին հավաքվելու են ազգային ժողովի մոտ. «Ոչ ոք չի հրաժարվում հարկ տալուց: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ով զբաղված է առեւտրով վճարում է, այլ բան է, որ այդ վճարած գումարներն ինչ չափի են ու ուր են գնում»:

Նշենք, որ ՓՄՁ-ն շրջանառության հարկի դեմ բողոքի ակցիա է անում, քանի որ վստահ է, որ խոշորներից չի կարողանալու փաստաթղթեր ձեռք բերել եւ ամբողջ «կուժն ու կուլան» թափվելու է փոքրի գլխին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930