«Իզմիրլյան բժշկական կենտրոնում» սեպտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունեցավ հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցում են Եվրամիության, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ոլորտի մասնագետներ։
Այսօր գիտաժողովի շրջանակներում հանդիսավոր արարողությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75 ամյակը, որին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհեց «Ուռոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը՝ Հայաստանում ուռոլոգիայի զարգացման գործում իր ունեցած ավանդի համար։ Պրն Աղաջանյանը նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով նշանակվեց Հայաստանի գլխավոր ուռոլոգ փոխարինելով հենց իրեն՝ Արմեն Մուրադյանին, որը մինչեւ այդ զբաղեցնում էր Հայաստանի գլխավոր ուռոլոգի պաշտոնը։
Պրոֆեսոր Աղաջանյանը իր շնորհակալական ելույթում առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր հորը, որը մեծ ներդրում է ունեցել իր մասնագիտության ընտրության մեջ։
Նախարար Արմեն Մուրադյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը սպասված իրադարձություն է, որն առաջին հերթին հնարավորություն է տալիս ամփոփել կատարված աշխատանքները, վերլուծել ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները։
Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի երկու օրերի ընթացքում Եվրոպական ուռոլոգիական ասոցիացիայի ուռոլոգիայի դպրոցի շրջանակներում լինելու են գործառական ուռոլոգիայի տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումների վերաբերյալ դասընթացներ։ Գիտաժողովի շրջանակներում նաեւ քննարկվելու են ժամանակակից գործառական ուռոլոգիայի գիտական եւ տեսական լուծումներ պահանջող խնդիրները, միզային եւ սեռական ոլորտների ֆունկցիոնալ խանգարումներին վերաբերող խնդիրները։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ