Երեկ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն արդեն Սյունիքի մարզպետարանում ներկայացրել է Սյունիքի հին ու նոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հավանաբար իր դեմքը փրկելու համար, պարոն Տերտերյանը Սուրիկ Խաչատրյանին ներկայացնելիս նաեւ ասել է. «Այս նոր նշանակումով, բոլորս մեզ վրա լուրջ բարոյական, պաշտոնական, հանրային պատասխանատվություն ենք վերցրել, իսկ մենք րոպե իսկ չենք կասկածում, որ ձեզ կհաջողվի ավելի լավացնել աշխատանքները»:
Սակայն մի կողմ թողնելով այս վերանշանակման բարոյական ու հոգեբանական բոլոր կողմերը, որոնց մասին այս օրերի ընթացքում արդեն բոլորը հասցրել են կարծիք հայտնել, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման գործընթացը դիտարկենք զուտ սահմանադրական տեսանկյունից:
ՀՀ Սահմանադրության 88 հոդվածի առաջին կետը սահմանում է. «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»:
Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակեց Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր. ԱՄՆ-ում էր եւ ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհից արդարություն էր պահանջում հայերի ու հայկական պետությունների համար: Հոգ չէ, աշխարհաքաղաքական գործերն ավարտելուց հետո, իհարկե, Սերժ Սարգսյանն արդեն Հայաստան վերադառնալով կվավերացներ Սուրիկ Խաչատրյանի նշանակումը: Բայց արի ու տես, որ այդպես էլ չհասցրեց: Վաչե Տերտերյանն առաջ ընկնելով նախագահից`ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանին, վերջինս էլ, բնականաբար, չսպասելով նախագահի կողմից իր նշանակումը վավերացնելու ֆորմալ եւ ձեւական գործընթացին, միանգամից անցավ իր պարտավորությունների իրականացմանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զարմանում եմ, որ զարմանում եք…………….